Էստոնիայի խորհրդարանը չի կարողացել նախագահ ընտրել նաև քվեարկության երկրորդ փուլում

15:07 • 30.08.16

Էստոնիայի խորհրդարանը երեքշաբթի օրը չի կարողացել նախագահ ընտրել քվեարկության երկրորդ փուլում, քանի որ երեք թեկնածուներից ոչ ոք չի հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակը, հայտնում է РИА Новости-ն:

 

Մի քանի ժամ անց կանցկացվի քվեարկության երրորդ փուլը: Երրորդ փուլ են անցնում Եվրահանձնաժողովի նախկին փոխնախագահ Սիյմ Կալասը, որին պաշտպանում են իշխող կոալիցիայի մեջ մտնող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Ռեֆորմիստական կուսակցությունը, և Մայլիս Ռեպսը (առաջադրվել է ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից)։

 

Երկուշաբթի օրը, երբ կայացել է քվեարկության առաջին փուլը, պատգամավորներին նույնպես չի հաջողվել նախագահ ընտրել: Խորհրդարանում գաղտնի քվեարկության ժամանակ հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի պատգամավորների ձայների առնվազն երկու երրորդը: