Քարիմովի մահվան մասին հայտնած լրատվամիջոցի խմբագիրը պահանջել է հանրությանը ցույց տալ նախագահին

12:30 • 30.08.16

«Ֆերգանա» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Դանիիլ Կիսլովը «Նորությունների ազգային ծառայությանը» մեկնաբանել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին գործակալության կայքում տեղադրված հաղորդագրությունը:

 

Նրա խոսքով՝ «Ֆերգանա»-ն պատասխանատու է հրապարակած տեղեկությունների արժանահավատության համար, իսկ երկրի իշխանությունները պետք է այդ իրավիճակում չլռեն:

 

«Ես առաջարկում եմ Ուզբեկստանի պաշտոնական աղբյուրներին, կառավարությանը, նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը պարզապես հրապարակել նրա հիվանդության մասին բժշկական ամփոփագիրը կամ նրան ողջ ցույց տալ հիվանդասենյակում»,- հայտարարել է նա:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին «Ֆերգանա» գործակալությունը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, հայտնել է 78-ամյա Քարիմովի մահվան մասին: Միևնույն ժամանակ, նախագահի աշխատակազմում РИА Новости-ի աղբյուրը մահվան մասին հաղորդագրությունը հերքել է:

 

Քարիմովն Ուզբեկստանի նախագահ է դարձել 1991 թվականին և այդ ժամանակից ի վեր զբաղեցնում է երկրի նախագահի պաշտոնը: