Սրտի ստենդավորման գներն իջեցվում են. Արմեն Մուրադյան (տեսանյութ)

17:43 • 31.08.16

2015թ. հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որը բխում է Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրային դրույթներից, առողջապահության համակարգի կարևորագույն ձեռքբերումներից է։ Ծրագրի շնորհիվ հաջողվել է շուրջ 2500 կյանք փրկել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Նրա խոսքով՝ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի վերաբերյալ կան կարծիքներ, որ Հայաստանում գները բարձր են, ուստի նախարարությունը վերջին մեկ տարվա ընթացքում ձեռնարկել է բազմաթիվ քննարկումներ բժշկական պարագաներ ներկրողների ու բժշկական կենտրոնների ղեկավարների հետ և հասել որոշակի արդյունքի՝ գների իջեցման հետ կապված։

«Եթե նախկինում 1 դեղապատ ստենդն արժեր 1 միլիոն 800 հազար դրամ, այսօր՝ 1 միլիոն 100 հազարի առաջարկ կա, 2-րդ ստենդը դնում էին 2 միլիոն 800 հազարով, այսօր արդեն 1 միլիոն 500 հազար դրամի մասին է խոսքը գնում, իսկ 3-րդ ստենդի համար այսօր արդեն, եթե չեմ սխալվում, 1 միլիոն 900 հազարի գին կա»,- մանրամասնեց նախարարը։

Նրա փոխանցմամբ՝ այսօր այդ գնի մեջ ներառված են նաև հետազոտությունները, հիվանդանոցային պայմանները։           

Նշենք, որ սրտային վիրաբուժական ծառայություն Հայաստանում մատուցվում է 11  բժշկական կենտրոնում, որից երկուսը` Շիրակի և Սյունիքի մարզերում: 

Մանրամասները՝ տեսանյութում։