Գյումրու գարեջրի գործարանի աշխատողները՝ «Բալասանյան» դաշինքում
Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցող «Բալասանյան» դաշինքում, որին սատարում են ՀՀԿ-ն ու Խոսրով Հարությունյանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, ներգրավվել են նաև Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Գյումրի-գարեջուր» ընկերության աշխատակիցները:
«Բալասանյան» 99 հոգանոց դաշինքի 10-րդ համարն է զբաղեցնում «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ի հնեցման արտադրամասի բաժնի պետ Արամայիս Գրիգորյանը։
Ցուցակում են նաև «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ի առաքման բաժնի պետ Սուրեն Ջանոյանը, «Գյումրի-գարեջուր»-ի մենեջեր Հակոբ Հակոբյանը, ինչպես նաև «Գյումրի-գարեջուր»-ի արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Սանոյանը:
Նշենք, որ «Բալասանյան» դաշինքում են քաղաքապետարանի վարչությունների պետեր, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող կառույցների ղեկավարներ ու աշխատակիցներ:
«Բալասանյան» դաշինքում է նաև Շիրակի ԵԿՄ կառույցի ղեկավար Յուրիկ Ալեքսանյանը:










