ԱՄՆ-ում վրդովված են Եվրոպայում Apple-ի դեմ սահմանված 13 մլրդ եվրոյի չափով տուգանքի պատճառով

09:20 • 31.08.16

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք կտրուկ քննադատության են ենթարկել Apple ընկերությունից Իռլանդիայի իշխանությունների օգտին 13 միլիարդ եվրո գանձելու մասին Եվրահանձնաժողովի որոշումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Դեմոկրատների կուսակցությունից սենատոր Չարլզ Շումերը Բրյուսելին մեղադրել է ագահության մեջ, երկրի գանձարանում Բրյուսելի հարկային հետաքննությունն անազնիվ են անվանել, իսկ Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ այդ որոշումից կտուժեն ամերիկացի հարկատուները:

 

«Մեզ անհանգստացնում է միակողմանի մոտեցումը: Այդ տուգանքը վտանգի տակ է դնում այն ամենը, ինչ մենք եվրոպացիների հետ միասին ձեռք ենք բերել միջազգային հարկային համակարգն արդար դարձնելու ձգտման մեջ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնստը:

 

Քննադատական հայտարարություն է հնչեցրել նաև ԱՄՆ գանձարանը: Ինչպես հայտարարել են գերատեսչությունում, Բրյուսելի որոշումը հավանաբար վատ կանդրադառնա Եվրոպայի ներդրումային կլիմայի և երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա:

 

Ավելի վաղ ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել Եվրահանձնաժողովի որոշումը՝ հօգուտ Իռլանդիայի իշխանությունների ընկերությունից 13 մլրդ եվրո գանձելու մասին:

 

Ռեկորդային գումարն ամերիկյան ընկերությունից գանձվում է որպես կորուստների փոխհատուցում, որոնք իռլանդական տնտեսությունը կրել է չվճարված հարկերի համար: Հակամենաշնորհային հետաքննությունը, որի արդյունքում կայացվել է տվյալ որոշումը, տևել է 3 տարի:

ԱՄՆ-ում վրդովված են Եվրոպայում Apple-ի դեմ սահմանված 13 մլրդ եվրոյի չափով տուգանքի պատճառով