Էստոնիայում չեն կարողացել նախագահ ընտրել անգամ քվեարկության երրորդ փուլից հետո
Էստոնիայի խորհրդարանը քվեարկության երրորդ փուլի ընթացքում այդպես էլ չի կարողացել երկրի նախագահ ընտրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ձայների անհրաժեշտ երկու երրորդն այդպես էլ չի հավաքել երրորդ փուլ հասած թեկնածուներից և ոչ մեկ:
Իշխող Բարեփոխումների կուսակցության ներկայացուցիչ՝ երկրի նախկին վարչապետ և նախկին եվրահանձնակատար Սիյմ Կալասը ստացել է 42 ձայն:
Ընդդիմադիր Ցենտրիստական կուսակցության թեկնածու Մայլիս Ռեպսի օգտին քվեարկել է խորհրդարանի 26 պատգամավոր:
Օրենքով նախատեսված կարգով՝ Էստոնիայի նախագահն այժմ կընտրվի ընտրողների կոլեգիայի կողմից, որը կհավաքվի սեպտեմբերի 24-ին: Կոլեգիան ընտրում է Էստոնիայի նախագահին ձայների բացարձակ մեծամասնությամբ, ընդ որում՝ հաղթողի օգտին պետք է քվեարկի ընտրողների առնվազն կեսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էստոնիայի խորհրդարանը երեքշաբթի օրը չի կարողացել նախագահ ընտրել քվեարկության երկրորդ փուլում, քանի որ երեք թեկնածուներից ոչ ոք չի հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակը:










