Ֆրանկֆուրտի օդանավակայանում ավարտվել է ոստիկանական գործողությունը, տերմինալը շուտով կբացվի
Գերմանիայի դաշնային ոստիկանությունն ավարտել է Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի տերմինալներից մեկում կասկածելի մարդու որոնման ուղղությամբ աշխատանքները: Շուտով օդանավակայանը կվերադառնա բնականոն աշխատանքին, ոչ մի սպառնալիք չկա: Այդ մասին ТАСС-ին հայտնել են իրավապահ մարմիններում, ինչպես նաև այդ օդանավակայանի օպերատոր ընկերություն Fraport-ում:
«Գործողությունն ավարտվել է, (տեղի ժամանակով) ժամը 12:30-ին տերմինալը կրկին կբացվի, և բոլոր ուղևորները կկարողանան թռչել, սպառնալիք չկա»,- ասել է Fraport-ի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ օրվա ընթացքում կլինեն փոքր ուշացումներ օդանավակայանի ժամանակացույցում:
«Մենք խորհուրդ ենք տալիս ուղևորներին ստուգել չվերթի կարգավիճակն օդանավակայան մեկնելուց առաջ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Օդանավակայանում տագնապ էր հայտարարվել այն բանից հետո, երբ անհայտ անձը վաղաժամ հեռացել էր հսկողության գոտուց, ոստիկանությունը չի կարողացել նրան օպերատիվ կերպով ձերբակալել: Որոշում է կայացվել տերմինալից տարհանել բոլոր ուղևորներին, որպեսզի նրանք գործընթացն անցնեն ևս մեկ անգամ: Bild թերթը հայտնել էր, որ կա պայթյունի վտանգ, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել:










