Իտալիայում հայտարարել են, որ երկրաշարժի հետևանքների չեզոքացման համար տարիներ կպահանջվեն
Կենտրոնական Իտալիայում օգոստոսի 24-ին տեղի ունեցած կործանարար երկրաշարժի հետևանքները չեզոքացնելու համար տարիներ կպահանջվեն, հայտարարել է երկրի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Գրացիանո Դելրիոն:
«Մեզանից տարիներ կպահանջվեն: Ցավոք, մենք ունենք նախորդ երկրաշարժերի փորձը: Մեզանից մեծ ուշադրություն և համբերություն կպահանջվի»,- ասել է նա:
Նախարարը վստահեցրել է, որ առանց տանիքի մնացած բնակիչների համար առաջին ժամանակավոր բնակելի մոդուլները կստեղծվեն մոտ ժամանակում: Նրա խոսքով, իրենց նպատակն է վերականգնել քարուքանդ եղած բնակավայրերն այնպիսին, ինչպիսին նրանք եղել են. փոխանցում է РИА Новости-ն:
Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության հիմնադիր Ջուզեպե Ձամբերլետին հայտարարել է, որ ինքն առաջարկել է վերականգնել ամեն ինչ այնպես, ինչպես դա եղել է: Փորձագետի խոսքով, նման մոդելը կիրառվել է 1976-ին տեղի ունեցած 6.4 մագնիտուդով երկրաշարժից հետո Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիա շրջանում:










