Մոսկվայում ԼՂ հակամարտության կարգավորման հարցով պլանային խորհրդակցություններ կանցկացվեն
Սեպտեմբերի 8-ին նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության հետ, հանդիպումը կայանալու է արտգործնախարարությունում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ «նախատեսված է նրանց (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների) հանդիպումը նախարարության ղեկավարության հետ»:
«Կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդի հարցեր: Հատուկ ուշադրություն կդարձվի մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի քննարկմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նա նաև նշել է, որ խոսքը պլանային խորհրդակցությունների մասին է, որոնք պարբերաբար անցկացվում են Վաշինգտոնում, Փարիզում, Մոսկվայում: Այդ միջոցառման հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով երեք երկրների ջանքերի համակարգումն է:










