Որուգվայում սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի հարցով համաժողով կանցկացվի

21:45 • 31.08.16

Ուրուգվայում սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի հարցով համաժողով կանցկացվի, որը կհամընկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյա անկախության տոնակատարության հետ: Այս մասին հաղորդում է Prensa Armenia գործակալությունը:

«ԼՂ հարցով համաժողովն Ուրուգվայում մի հարթակ է, որը միավորում է սոցիալական ակտիվիստներին, ակադեմիկոսներին և օրենսդիրներին և որի նպատակն է հարստացնել և խթանել երկրի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու և խաղաղ լուծում գտնելու հարցում»,- ասվում է միջոցառման կազմակերպիչ Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

Ըստ կազմակերպիչների` համաժողովի անդամները կներկայացնեն և կհրապարակեն հետազոտությունների արդյունքներ և քննարկումներ կկազմակերպեն Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերի շուրջ:

Համաժողովին ներկա կգտնվի ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ով հանդես կգա ելույթով, կմասնակցեն նաև սենատորներ՝ Ռաֆայել Միքելինին, Ռուբեն Մարտինես Ուելմոն, պատգամավորներ՝ Դանիել Ռադիոն, Սուսաննա Պերեյրան, Պաբլո Աբդալան, ինչպես նաև ուրուգվայցի փաստաբան և մարդու իրավունքների մասնագետ Օսկար Լոպես Գոլդարասենան: