ՌԴ կրթության նախարարությունը թույլատրել է ուսանողներին կրթության մեկնել Թուրքիա
Թուրքիայում ուսանելու համար ռուսաստանցի ուսանողների մեկնելու վերաբերյալ գործող սահմանափակումները չեղարկվել են: Այդ մասին հայտնել է ՌԴ կրթության և գիտության նախարարության միջազգային բաժնի տնօրեն Նիկոլայ Տոյվոնենը, հայտնում է gazeta.ru-ն:
«Մեզ մոտ որոշ ժամանակով սահմանափակում էր գործում Թուրքիա մեր երիտասարդների մեկնելու համար, քանի որ մենք չէինք կարող երաշխավորել նրանց անվտանգությունը»,- ասել է Տոյվոնենը:
Նա հավելել է, որ քանի որ Թուրքիա զբոսաշրջիկների համար չարտերներն արդեն բաց են, ուսանողների համար սահմանափակումներ նույնպես չկան: Տոյվոնենը, սակայն, հավելել է, որ Թուրքիայում այժմ էլ «պարբերաբար տարբեր դժբախտ դեպքեր են տեղի ունենում»:
Թուրքիայում ուսանելու համար ռուս ուսանողների մեկնելու հետ կապված սահմանափակումը սահմանվել էր ռուսական Սու-24 կործանիչի խոցումից հետո:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։










