Շվեդիայի արևմուտքում դիմակավորված տասնյակ մարդիկ անկարգություններ են կազմակերպում
Մի խումբ դիմակավորված երիտասարդներ 2-րդ գիշերն անընդմեջ անկարգություններ են կազմակերպում շվեդական Տրոլհեթան քաղաքի թաղամասերից մեկում` քարեր նետելով մարդկանց վրա և հրդեհներ առաջացնելով, փոխանցում է РИА Новости-ն:
«Այդ վայրում եղել են մոտ 40-60 դիմակով երիտասարդներ, ովքեր առնվազն 4 փոքր քար և բազմաթիվ մխոցներ են նետել ոստիկանական մեքենաների ուղղությամբ»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Կառլ Յուխան Ֆրեմլինգը:
Նշվում է, որ անկարգությունները սկսվել են երեկոյան ուշ և հանդարտվել են մոտ 3 ժամ անց: Ականատեսների խոսքով, դիմակավորված անձանց թվում եղել են ոչ միայն դեռահասներ, այլև մոտ 25 տարեկան երիտասարդներ:
«Ես բարկությունից տեղս չեմ գտնում, երբ մտածում եմ այն մասին` ինչպես են այս եսասերները վտանգում մյուսներին: Եթե այդ թաղամասում որևէ մեկի մոտ սրտի կաթված լինի, մենք չենք կարողանա շտապօգնության մեքենա ուղարկել այդ խեղկատակների պատճառով: Այդ երիտասարդները խաղում են մյուսների կյանքի հետ»,- ասել է Ֆրեմլինգը:
Նա հայտնել է, որ երիտասարդները փորձել են այրել առանձին առարկաներ, անիվներ, սակայն դա նրանց չի հաջողվել: Ոստիկանությունը դեռ ձերբակալություններ չի իրականացրել: Սակայն իրավապահները իրավիճակը բավականին լուրջ են համարում և հինգշաբթի քաղաքային վարչակազմի ներկայացուցիչների հետ միասին մտադիր են նիստ անցկացնել տվյալ հարցի վերաբերյալ:










