ԵԱՏՀ-ի կարևոր առաջնահերթություններից մեկն արտաքին ուղղություններով աշխատանքն է. Տիգրան Սարգսյան

15:49 • 01.09.16

Օգոստոսի 31-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գրասենյակում ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պետական քարտուղար Գրիգորի Ռապոտայի հետ: Այդ մասին ասված է հանձնաժողովի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

 

Կողմերը քննարկել են եվրասիական ինտեգրմանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

 

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ հանձնաժողովի կարևոր առաջնահերթություններից մեկն արտաքին ուղղություններով աշխատանքն է:

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կատարում է տարեսկզբին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից նշված և մեր միության այլ երկրների նախագահների կողմից հավանության արժանացած խնդիրները: 2016 թվականն իսկապես հանձնաժողովի համար դարձել է երրորդ երկրների և կարևոր ինտեգրացիոն միավորումների հետ միության տնտեսական հարաբերությունների խորացման տարի»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

 

Նա նշել է նաև, որ այդ առումով աշխատանքի կարևոր ուղղությունը չինականն է:

 

«Չինաստանի հետ բանակցային գործընթացը սկսվել է: Օգոստոսին կայացել է աշխատանքային խմբերի մակարդակով բանակցությունների առաջին փուլը: Երկրորդը նախատեսված է հոկտեմբերին: Հիմնական խնդիրն է գտնել առևտրատնտեսական ոլորտում փոխշահավետ որոշումներ»,- ասել է նա։