Թրամփը խոստացել է, որ անօրինական ներգաղթյալներն ԱՄՆ-ում չեն ստանա օրինական կարգավիճակ

10:27 • 01.09.16

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ընտրվելու դեպքում անօրինական ներգաղթյալները չեն ստանա ԱՄՆ-ում օրինական կարգավիճակ, գրում է РИА Новости-ն:

 

«Դուք չեք կարող ստանալ օրինական կարգավիճակ կամ քաղաքացիություն՝ անօրինական ճանապարհով գալով երկիր»,- ասել է Թրամփը: «Չի կարելի մտնել երկիր և սպասել՝ մինչև ձեզ օրինական կարգավիճակ կտան: Դա չի աշխատի»,- ասել է Թրամփն Արիզոնա նահանգում իր աջակիցների հետ հանդիպմանը:

 

«Ներգաղթյալները, որոնք այստեղ շատ են, միայն մի ընտրություն կունենան՝ դուրս գալ երկրից և օրենքով երկրորդ անգամ մուտք գործելու դիմում ներկայացնել»,- հավելել է Թրամփը:

 

Life.ru-ի հաղորդմամբ՝ Թրամփը խոստացել է նաև պատ կառուցել ԱՄՆ հարավային սահմանին և հայտարարել է, որ «դրա համար կվճարի Մեքսիկան»:

 

«Մեքսիկան կվճարի պատի համար: 100 տոկոս: Նրանք դա դեռ չգիտեն, բայց նրանք կվճարեն»,- հայտարարել է նա:

 

Նշենք, որ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն Թրամփի հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, որ Մեքսիկան չի պատրաստվում վճարել ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցման համար: