Ուզբեկստանում հեռուստաեթերում ընթերցել են Քարիմովի շնորհավորական ուղերձն Անկախության տոնի առթիվ

09:30 • 01.09.16

Ուզբեկստանի պետական հեռուստատեսությամբ ընթերցել են Անկախության օրվա առթիվ ուզբեկ ժողովրդին ուղղված նախագահ Իսլամ Քարիմովի շնորհավորական ուղերձը, հայտնում է Reuters-ը:

 

РИА Новости-ի տվյալներով՝ ուղերձում նշվում է անկախության 25 տարիների ընթացքում տնտեսական և սոցիալական ոլորտներում Ուզբեկստանի ձեռքբերումների մասին:

 

«Ժամանակն ապացուցում է մեր ընտրած ուղու ճիշտ լինելը»,- ասված է հեռուստաեթերով ընթերցված նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Նշվում է, որ շնորհավորանքն ընթերցվել է ուզբեկերեն և ռուսերեն:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին «Ֆերգանա» գործակալությունը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, հայտնել է 78-ամյա Քարիմովի մահվան մասին: Միևնույն ժամանակ, նախագահի աշխատակազմում РИА Новости-ի աղբյուրը մահվան մասին հաղորդագրությունը հերքել է:

 

Քարիմովն Ուզբեկստանի նախագահ է դարձել 1991 թվականին և այդ ժամանակից ի վեր զբաղեցնում է երկրի նախագահի պաշտոնը: