Տնտեսական աճի նվազումը պայմանավորված է մի քանի պատճառներով. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե ինչու է նվազում տնտեսական աճի տեմպը: Նա նշեց, որ իրենք շարունակում են ուսումնասիրությունները։ Մասնավորապես, մի շարք ոլորտներում, որտեղ արձանագրվել է տեմպի նվազում, հստակեցվել են մի քանի պատճառներ:
«Սա, առաջին հերթին, կապված է արձակուրդային շրջանի հետ և, ըստ ընկերությունների տված բացատրությունների, իրենք արձակուրդ են գնացել, քանի որ արտադրության պաշար են ունեցել, և արտադրության ծավալ չեն ավելացրել, սակայն արտահանման ծավալներն են ավելացել: Երկրորդ պատճառը որոշակիորեն պայմանավորված է եղել Լարսով։ Լարսը որոշակի խոչընդոտ է ստեղծել ավելի մեծ ծավալների իրացումն ապահովելու առումով»,-ասաց Էկոնոմիկայի նախարարը՝ նկատելով, որ մի շարք դեպքերում ընկերությունները միջոցների խնայողություններ են արել, ինչպես նաև այլ պատճառներ են եղել, որոնք ուսումնասիրվում են և արդյունքների մասին կտեղեկացնեն:
Նախարարը նշեց, որ իր համար սկզբունքային նշանակություն ունի, թե ինչպիսի հիմնարար փոփոխություններ են իրականացվում, որպեսզի միջնաժամկետ և երկարաժամկետ առումով Հայաստանն ունենա շատ ավելի կայուն երկնիշ տնտեսական աճ:
«Սա ինձ համար շատ ավելի կարևոր է, քան թե մեկ, երկու, երեք տոկոսային կետերի աճի վերաբերյալ այսօրվա քննարկումը»,-ասաց Արծվիկ Մինասյանը:










