2016-2020 թվականների համար անհրաժեշտ է նոր ազգային ռազմավարություն և ծրագիր. Արմեն Մուրադյան

13:15 • 02.09.16

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարությունը և 2016-2020 թթ-ի գործողությունների ծրագիրը: Նախագիծը ներկայացնող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ 2016-2020 թվականների համար անհրաժեշտ է նոր ազգային ռազմավարություն և ծրագիր` համահունչ միջազգային գլոբալ ռազմավարություններին:

Արմեն Մուրադյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը 2009 թվականին հավանության է արժանացրել «Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ռազմավարությունը» և 2009–2015թթ. գործողությունների պլանը, որի արդյունքում գրանցվել են երեխաների և դեռահասների առողջության ցուցանիշների ակնհայտ դրական միտումներ, միաժամանակ, որոշ խնդիրներ պահպանում են իրենց արդիականությունը:

Նախարարը հայտնեց, որ երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման 2009-2015թթ. ազգային ռազմավարության ընդունմանը հաջորդող տարիներին գրանցվել է որոշակի առաջընթաց թե՛ երեխաների առողջության և մահացության ցուցանիշների, թե՛ համակարգային խնդիրների բարելավման համատեքստում:


Ըստ նախագծի՝ վերոհիշյալ ռազմավարության ակնկալվող արդյունքներով նախատեսվում էր կրճատել 0-1 տարեկան երեխաների մահացությունը 30%-ով` 2006թ. 13,9% ելքային ցուցանիշի նկատմամբ: Ըստ ԱՎԾ-ի հրապարակած նախնական տվյալների` 2015թ. հաջողվել է կրճատել 0-1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը մինչև 8,8%, նվազեցնելով այն 36,7%-ով:

Նախագծի ընդունման նպատակն է երեխաների և դեռահասների առողջապահական համակարգի կառավարման բարելավմամբ ոլորտում առավել նպատակային դարձնել առկա մարդկային, նյութական, ֆինանսական ռեսուրսների օգտագործումը, պայմաններ ստեղծել երեխաների և դեռահասների զարգացման, առողջության և բարեկեցության ապահովման, մահացության և հիվանդացության իջեցման համար: