Եթե Միհրան Հարությունյանի ոսկե մեդալը վերադարձնելու հնարավորություն լիներ, ես սարեր շուռ կտայի. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը գոհ է ՀՀ օլիմպիական մարզիկների արդյունքներից: «Ցանկացած ուժեղ պետություն կցանկանար մեր օլիմպիական թիմի պես թիմ ունենալ»,- Կենտրոն հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում ասել է նա:
Գագիկ Ծառուկյանը նշել է, որ այս 12 տարիների ընթացքում երբեք ոսկու անուն չէր տվել և այս անգամ միայն ասել էր, որ կլինի ոսկի և եղել է: «Աշխարհի օլիմպիականներն ասում են, որ ՀՀ-ն 3 ոսկի ունի, իսկ ես ասում եմ, որ 3-ից ավելին է, 4-5-6: Աշխարհի 206 պետություն է մասնակցել, և մենք կարողացել ենք ոսկի մեդալներ բերել»,- ասաց նա՝ հավելելով, որ տարին տարվա վրա կլինեն նոր մարզիկների համալրումներ և ՀՀ-ն աչքի կընկնի նաև այլ սպորտաձևերում:
«Մեդալ բերելը հեշտ չէ, մեդալն էլ պետության տնտեսական վիճակի հետ կապ ունի: Քանի՞ դպրոց ունենք, քանի՞ պարապող ունենք, դպրոցների քանակը պետք է ավելանա, որ կարողանանք եղածից լավերին ընտրենք»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե շատ հայ մարզիկներ այլ երկրների դրոշների տակ հաջողությամբ են հանդես գալիս, Ծառուկյանը ընդգծեց, թե դա ՀԱՕԿ-ի քայլերից կախված չէ: «Տնտեսական վիճակից է, տնտեսական ճգնաժամ է, գնում են դուրս, այնտեղից են մասնակցում: Չկա որ այստեղի չեմպիոնը գնա, այնտեղ ապրել են, մեծացել ու մասնակցել են»,- ասաց նա:
Ծառուկյանն անդրադարձել է նաև ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի հետ տեղի ունեցածին, երբ մրցավարները անարդարացիորեն զրկեցին Միհրանին ոսկի մեդալից: Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ խնդիրն ունի երկու պատճառ՝ մասնավոր և ընդհանրական:
«Միհրանին և՛ հայ ժողովուրդը, և՛ ես ընդունում ենք որպես ոսկի մեդալակիր, իսկ կատարվել է անարդարություն, և այդ անարդարությունը ոչ թե կատարվել է Միհրանի հանդեպ, պետության հանդեպ, ըմբշամարտի հանդեպ, այլ տեսել եք, որ անարդարությունը բոլոր ոլորտներում միշտ էլ կա, որը եղել է և ռուսների հանդեպ, մոնղոլների, իրանցիների հանդեպ, որ համազգեստներն էին հանում, բայց ուզում եմ բոլորն էլ իմանան՝ Ծառուկյան Գագիկի դիրքն ու դրվածքը մարզաշխարհում, այդ հարգանքը և ամեն ինչը կա: Ինչ-որ մրցավարի՝ քծնելու համար քայլ կատարելը չի նշանակում, որ մարզաշխարհը մեր դեմ է կամ եսիմ ինչ է»,- ասաց նա:
Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ մրցումից հետո պատմության մեջ չկա, որ եթե մրցավարը դատել է՝ արդարացի է, թե անարդարացի է՝ մեդալը հետ վերադարձնեն: «Չկա նման մեխանիզմ: Ամենաշատը մրցավարին պետք է հեռացնեն կամ որակազրկեն որոշ ժամանակով: Թող մեկը գա, ասի, որ եղել է, ես հո սարեր շուռ կտայի, ո՞նց կարողա պատահի, որ նման հնարավորություն լիներ, ու Ծառուկյան Գագիկը այդ խնդիրը չլուծեր»,-ասել է ՀԱՕԿ նախագահը և հավելել, որ, ամեն դեպքում, իրենք հայ ժողովրդի և իր անունից ամբողջ աշխարհի ֆեդերացիաներին, օլիմպիական կոմիտեին ուղարկել են որոշումը, որ Միհրանը ոսկե մեդալակիր է ՀՀ-ի համար:
«Նրա նկարը ևս մեր ոսկի մեդալակիրների կողքին դրվել է, իրենք թող որոշեն»,- ասաց Ծառուկյանը և անտեղի համարեց նաև այն շահարկումը, թե ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլիին դեր ունի մեդալից զրկելու հարցում:
«Եթե նրա համաձայնությունը չլիներ, Միհրանը ՀՀ-ի թիմից չէր կարող մասնակցել, ինքը հոժար կամքով համաձայնությունը տվել է: Չի կարելի Մամաիշավիլիի անունը շահարկել»,- ասել է նա:
Շարունակությունը՝ տեսանյութում:










