Սխալ կլիներ, եթե Արցախի ձայնը բանակցային գործընթացում չլսվեր. Լարիսա Ալավերդյան
Այս օրը տոնական է. Արցախի Հանրապետության հռչակագիրը ուրախանալու տեղիք է տալիս. խոսելով օրվա խորհրդի՝ ԼՂ անկախության 25-րդ ամյակի մասին, այս մասին ասաց ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետ Լարիսա Ալավերդյանը:
«Պատմական հեղաշրջման գործընթացներ էին, որտեղ հայությունը ցուցաբերել է վերին աստիճանի գրագետ, օրենքներին համաչափ, միջազգային իրավունքներին համապատասխանող քայլեր»,- ասաց նա:
Նա հիշեցրեց, որ այսօր նշում ենք ոչ թե Արցախի անկախությունը, այլ հանրապետության հռչակումը։ «Արցախը Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի կազմից դուրս գալու և առանձին պետություն դառնալու հռչակագիր ընդունեց, իսկ մինչ այդ հայ ժողովուրդը պայքարում էր երկու հայկական պետությունների միացման համար»,- ասաց Ալավերդյանը:
Նա համարում է, որ այդ պահին առավել նպատակահարմար էր, որ Արցախը որպես առանձին պետություն հանդես գար, որովհետև 90-ականների սկզբին Հայաստանի և Արցախի քաղաքական էլիտաների կարծիքներն Արցախի հարցում տարբերվում էին:
ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետը կարծում է, որ սխալ կլիներ, եթե Արցախի ձայնը բանակցային գործընթացում չլսվեր:
«Հիմա շատ է քննարկվում՝ արդյոք արժե՞ շարունակել անկախացման գործընթացը, թե միացման մասին մտածել: Հիմա արդ գործընթացները պետք է համադրել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանն էլ նշեց, որ այս օրերին հակասական տրամադրություններ է ունենում՝ մի կողմից հայրենասիրական, մյուս կողմից էլ նկատում է, որ ժամանակին դիվանագիտական քայլի դիմելով՝ անկախանալու ճանապարհը ընտրելով, մենք ինքներս խաբվեցինք, որոհետև դա արվել էր հետո Հայաստանին միանալու պայմանով, սակայն դա մինչ օրս չի իրականանում:
Նա նշեց, որ շատ ակնհայտ է, որ Արցախն ամբողջությամբ կախված է Հայաստանից, և դա վատ չէ: Ըստ Հայկ Մարտիրոսյանի՝ ոչ ոք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եթե Հայաստանը չճանաչի: «Պետք է հասկանանք, թե ազատությունը ինչին էր ծառայում, բայց մենք գործը կիսատ թողեցինք»:
Քաղաքագիտության դոկտորը համարում է, որ հիմա Արցախի միավորումը Հայաստանին դարձել է գլխավոր խնդիր, քանի որ Հայաստանից տարեկան 100 միլիոն դոլարի օգնություն է տրվում Արցախին, իսկ միացման դեպքում ռեսուրսների տեխաբաշխման խնդիրները կլուծվեն:










