Փաշիկ Ալավերդյանը՝ Ռիո մեկնած ծանրամարտի հավաքականի և Առաքել Միրզոյանի ձախողման, Աղասի Աղասյանի հայտարարության մասին 

15:26 • 02.09.16

 

 Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը համամիտ չէ այն ձևակերպումների հետ, թե հավաքականում սխալ ընտրություն է կատարել:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Փաշիկ Ալավերդյանը և հավելեց, որ ինքը Եվրոպայի մարզչական և տեխնիկական հանձնաժողովի անդամ է։ Հանձնաժողովի անդամները տարեկան մի քանի անգամ տարբեր երկրներում լեկցիաներ են կարդում և սովորեցնում, թե երբ պետք է պայքարի դուրս բերել մարզիկին, երբ հանել պայքարից և այլն:

«Ինձ այնքան են հարցնում, թե ինչու Ռուբեն Ալեքսանյանի մոտեցմանը չի ավելացվել 4 կգ կամ 5 կգ: Այդքան բանը գիտեիք, շուտ ասեիք: Մարզիկին պայքարի մեջ մտցնելն ու հանելը մենք ենք սովորեցնում, հիմա քիչ է մնում ինձ սովորեցնեն: Ես վիրավորված չեմ, բոլորը պարտավոր չեն ամեն ինչ իմանալ, բայց պարտավոր չեն միայն արտահայտվել: Չիմանալը չի խանգարում, բայց արտահայտվել չիմացածը ամենատհաճ բանն է»,- ասաց Ալավերդյանը:

Ալավերդյանի խոսքով՝ Ռուբեն Ալեքսանյանին ուղարկել է Ռիո, որ նա դառնա երրորդ մրցանակակիր. «Եթե ծանրաձողին ութ կիլոգրամ ավելացնեի, ոչինչ չէր փոխվի, նա կմնար չորրորդ տեղում։ Հիմա 1 կգ-ի համար նորի՞ց մոտեցում կատարեր 254 կգ-ին, իհարկե ոչ։ Դրա համար նրան տվեցինք երկու հնարավորություն, որ գոնե մեդալ նվաճի»:

Անդրադառնալով Ալեքսանդր Կարապետյանին, Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ նրա բախտը պարզապես չբերեց, այլապես հենց 174 կգ բարձրացնելուց հետո նա արդեն ռեկորդ էր սահմանել:

Օլիմպիական հավաքականի կազմի վերաբերյալ Tert.am-ի հարցին, թե հաշվի առնելով նաև այն, որ Փաշիկ Ալավերդյանը մարզչական և տեխնիկական հանձնաժողովի անդամ է, որքանո՞վ է արդյունավետ համարում օլիմպիական խաղերի տանել Առաքել Միրզոյանին, ով վերջին անգամ արծաթե մեդալակիր է դարձել 2009 թվականի Աշխարհի խաղերի ժամանակ, իսկ 2012-ին, մասնակցելով Օլիմպիական խաղերին, որևէ մեդալ չի նվաճել, 2016-ին էլ մրցապայքարն ավարտեց՝ բարձրացնելով 158կգ, այն դեպքում, երբ մարզիկները ծանրաձողին էին մոտենալու 170կգ-ից սկսած, Ալավերդյանը պատասխանեց. «Նա համապատասխան արդյունք ցույց տվել է Ռիո մեկնելու համար: Եթե դուք այդքան ուշադիր եք եղել, պետք  ուշադիր լինեիք նաև, որ անցյալ տարի՝ սրանից ինը ամիս առաջ, Առաքել Միրզոյանը երկրորդ անգամ թևը վիրահատելուց հետո յուրաքանչյուր ամիս 10-20կգ-ով ավելացրել է իր արդյունքները: Դինամիկան էլ ասեմ. մարտ ամսին, երբ նա մասնակցեց Ռուսաստանի ֆեդերացիայի նախագահի գավաթին, նա բարձրացրեց բարձր քաշ, դրանից հետո մասնակցեց մեկ այլ մրցույթի և 10կգ-ից ավելի բարձրացրեց, քան Ռուսաստանում: Այսինքն՝ դա էր միտումը, որ մարզիկը կարող է յուրաքանչյուր օր ավելին բարձրացնել, քան դրանից առաջ»:

Անդրադառնալով 85 կգ քաշային կարգի ծանրամարտիկ Աղասի Աղասյանի այն հայտարարությանը, թե ինքն է 85 կգ կարգում ամենաուժեղը, բայց հավաքականում ընդգրկվում է Առաքել Միրզոյանը, Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ ինքը նրան ասել է՝ գնա մարզվի, ցույց տուր արդյունքը և կդառնաս հավաքականի թեկնածու. «Ես նրան բացատրեցի, որ եթե դու կարողանաս բարձրացնել 165-200, դու կարող ես մեկնելու թեկնածու դառնալ, իսկ դրան ինքը ոչ միայն չմոտեցավ այլ 10-ական կգ-ով պակաս մոտեցավ, իսկ երբ ժամկետին մնացել էր 25 օր, նա կկարողանա՞ր բարձրացնել իմ նշածը քաշը»: