Ադրբեջանի դեստրուկտիվ դիրքորոշումը ցույց է տալիս, որ պետք է վերանայել բանակցային գործընթացի մոտեցումները. Շավարշ Քոչարյան (Տեսանյութ)
Այսօր Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը շնորհավորեց Արցախի ժողովրդին անկախության 25-ամյակի կապակցությամբ:
«Քսանհինգ տարվա ընթացքում Արցախի ժողովուրդը ապացուցեց, որ տեր է իր կայացրած որոշմանը, այսինքն՝ որպես պետություն Արցախը կայացել է: Ապրիլյան պատերազմը ապացուցեց, որ Արցախի ժողովուրդը պատրաստ է այսօր էլ ցանկացած արկածախնդրություն հետ մղելու»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, Շավարշ Քոչարյանի խոսքով՝ քսան տարուց ավելի տևած բանակցային գործընթացում Ադրբեջանի դեստրուկտիվ քաղաքականությունը արդեն ի հայտ է բերում կամ առաջին պլան է մղում ԼՂՀ-ի ճանաչման հարցը, որը կարող է արդյունավետ դարձնել ամբողջ բանակցային գործընթացը:
«Սա այն պահն է, երբ ԼՂՀ-ն այդ ուղղությամբ աշխատում է, և դա նոր չէ, արդեն կան ճանաչման որոշումներ, սակայն դա նահանգների մակարդակ է, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, երկրներ դեռ չկան, սակայն այդ աշխատանքը կատարվում է, շատ կարևոր է ուժերը կենտրոնացնել այդ ուղղությամբ»,-ասաց նա։
Հարցին, թե արդյոք դիվանագիտական ձախողում չէ՞, որ այս տարիների ընթացքում որևէ պետություն չի ճանաչել ԼՂՀ-ն, Արտաքին գործերի փոխնախարարը պատասխանեց.
«Այդպիսի խնդիր չի դրվել։ Խնդիրը հետևյալն էր. բանակցային գործընթաց, միջազգային ճանաչում, և այդ միջազգային ճանաչումը պայմանավորված էր բանակցային գործընթացով: Բայց Ադրբեջանի ձևավորած դեստրուկտիվ դիրքորոշումը հենց խոսում է այն մասին, որ այսօր պետք է շատ լրջորեն նույնիսկ վերանայել այն մոտեցումները, որոնք կային բանակցային գործընթացում»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է հողերի վերադարձի մասին խոսակցություններին, Շավարշ Քոչարյանը չգիտի, թե ով է խոսում այդ մասին, սակայն, վստահ է, որ այդպիսի խնդիր երբեք դրված չի եղել:
Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը, թե բանակցություններն ընթանում են ճիշտ ուղով, Շավարշ Քոչարյանն ասաց. «Միթե ձեզ համար ակնհայտ չէ՞, որ քսան տարի իրենց ասածները որևէ մեկնաբանության կարիք չունեն: Իրենք ասում են այն, ինչն իրենց ձեռնտու է, մի բան է խոսվում բանակցային սեղանի շուրջ, այլ բան՝ այլ տեղ, դրա համար մեկնաբանելու կարիք չկա: Ոչ թե պետք է մեկնաբանել, այլ սեփական գիծն առաջ տանել»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ Պետերբուրգյան հանդիպումը շարունակությունն էր Վիեննայի հանդիպման, որոնց նպատակն այն է եղել, որ, քանի դեռ շփման գծում կան սադրանքներ, կրակոցներ, բանակցային գործընթացը չի կարող առաջ ընթանալ: «Այդ ուղղությամբ չենք տեսնում արդյունք, իսկ արդյունք կլինի այն, որ իրոք համապատասխան մեխանիզմներ ներդրվեն, ընդլայնվի մոնիթորինգային խմբի կարողությունները և վերջ դրվի սադրանքներին»,- ասաց Արտաքին գործերի փոխնախարարը:










