ՌԴ-ն առաջին երկիրը չէ, որ ՀՀ քաղաքացիների մուտքն արգելում է իր երկիր, նման «սև ցուցակ» կա նաև Վրաստանում. Ստեփան Դանիելյան

16:49 • 02.09.16

Ռուսաստանի դաշնությունն առաջին երկիրը չէ, որ ՀՀ քաղաքացիների մուտքն արգելում է իր երկիր. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի այցը ՌԴ արգելելուն:

«Նման «սև ցուցակ» կա նաև Վրաստանում, որում հայտնվել են անգամ հայ պատգամավորներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ և այլն: Եթե հիշում եք՝ ոչ միայն մի քանի պատգմավորների թույլ չտվեցին մտնել Վրաստան, այլ նաև մշակութաբան Սամվել Կարապետյանին վերջերս արգելեցին Վրաստան մուտք գործել, և հիմա նման երևույթ տեսնում ենք ՌԴ-ում»,- ասաց նա:

Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ այս ամենը ցույց է տալիս ՀՀ-ի թույլ երկիր լինելը:

«Սա ցուցանիշ է, որ ՀՀ-ն այնքան թույլ երկիր է, որ երբ իր քաղաքացիներին ու նույնիսկ պատգամավորներին արգելում են այլ երկրներ մտնել, որևէ քայլ չի ձեռնարկվում պարզելու համար, թե ինչու են արգելում: Սա իշխանության թուլության, արժանապատվության բացակայության ցուցանիշ է, որովհետև Ստեփան Գրիգորյանի գործով ԱԳՆ-ում պետք է պահանջ բարձրացվի ՌԴ-ի նկատմամբ, որ իր քաղաքացուն, ով հանցագործ չէ, արգելել են մուտք գործել և 100-ից ավել օրինապաշտ քաղաքացիների ևս արգելում են երկիր մուտք գործել»,-ասաց նա և հավելեց, որ նման մոտեցման շարունակականության միտում է տեսնում:  

Ստեփան Դանիելյանը ՌԴ-ի մոտեցումը հիվանդագին է որակում: «Այն մարդկանց, ովքեր չեն ընդունում իրենց քաղաքականությունը, ՌԴ-ն հիվանդագին է մոտենում, նույնը՝ ուկրաինական շատ լրագրողների նկատմամբ, նաև արվեստի ու քաղաքական գործիչների մուտքը փակեց: ՌԴ-ն Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ վաղուց նման պատմություն ունի, ուղղակի արդեն ՀՀ-ին է մոտենում, ինչը նոր երևույթ է»,- ասաց նա: