Նոր սահմանադրությունն առիթ է, որ արդիականացվի տեղական ինքնակառավարման մասին օրենքը. Սուրեն Քրմոյան

11:59 • 02.09.16

Այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրեց  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Նա նշեց, որ 2015 թվականին ընդունված նոր Սահմանադրությամբ է պայմանավորված նախագծի ընդունումը, և փորձել են օրենքի դրույթները համապատասխանեցնել ոչ միայն սահմանադրությանը, այլ նաև միջազգային փաստաթղթերին ու ակտերին:

«Այս նոր սահմանադրությունն առիթ է, որ արդիականացվի տեղական ինքնակառավարման մասին օրենքը»,-ասաց փոխնախարարը և որոշակի ժամկետ խնդրեց նախագիծը վերջնական տեսքի բերելու և Աժ ներկայացնելու համար:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քանի որ նախագծով նաև լիազորությունների փոփոխություններ են նախատեսվում, առաջարկում է այն նախագահի աշխատակազմի հետ ևս քննարկել և ընդհանուր հայտարարի գալ: Նա տասը օր ժամանակ տրամադրեց և հորդորեց շահագրգիռ կազմակերպություններին առաջարկություններ ներկայացնել:

Այսպիսով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծով առաջարկվում է՝

•           Տեղական ինքնակառավարման, համայնքի և նրա բնակիչների  նոր  հասկացությունների սահմանում՝ ՀՀ Սահմանադրության համապատասխան.

•           Տեղական ինքնակառավարման հիմնարար սկզբունքների համապատասխանեցում Եվրոպական Խարտիայի պահանջներին և միջազգային  փորձին.

•           Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների և համայնքի խնդիրների ընդհանուր բնութագրի ընդհանրական սահմանում.

•           Համայնքի պարտադիր  խնդիրների օրենքով սահմանում՝ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածին համապատասխանեցմամբ.

•           Բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործընթացներին խմբագրում. մասնավորապես՝ 1)տեղական ինքնակառավարմանը քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով մասնակցելու հնարավորությունը, 2)տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության բարելավումը, օրինակ՝ համայնքի ինտերնետային կայք ունենալու պահանջի ներդրմամբ:

•           Նախագիծը  տալիս է տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության, այդ թվում հանրային քննարկումներ անցկացնելու որոշակի չափանիշներ ու սահմաններ, որոնց մանրամասն ընթացակարգերը սահմանելու է համայնքի ավագանին:

•           3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների համար սահմանվել է պարտադիր ինտերնետային  պաշտոնական կայք ունենալու պարտավորություն.

•           Համայնքի ավագանու ինստիտուտի և նրա գործունեության հետ կապված լրացուցիչ հստակեցումներ և լրացումներ, ինչպես նաև այլ դրույթներ: