Չորս բուհերի ռեկտորներ հերքում են ուսման վարձերը սեպտեմբերի 1-ին պահանջելու մասին լուրը
ՀՀ հայտնի բուհերից առնվազն 4-ը հերքում են տեղեկատվությունը, թե այս տարի առաջին կուրսեցիների ուսաման վարձերի ավանդական վերջնաժամկետը սեպտեմբերի 15-18-ից սեպտեմբերի 1-ը տեղափոխելու մասին:
Tert.am –ին նման հավաստիացումներ տրվեցին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Երևանի պետական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարաններից:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Ոչ, նման բան ինչպե՞ս կարող է լինի, մարդիկ կան, չեն հասցնում, և այլն, և այլն, մեզ մոտ, ինչպես նախկինում, վարձերի վճարման ժամկետը ամսի 15-ն է»:
Ավելին` ռեկտորը նաև տեղեկացրեց, որ ֆինանսական գծով պրոռեկտորի հետ ևս մեկ անգամ խոսել է այդ մասին:
Նշենք, որ «Չորրորդ իշխանություն» օրաթերթն իր այսօրվա համարում տեղեկացրել էր, որ բազմաթիվ ահազանգեր են ստացել տարբեր բուհերում սովորող ուսանողների ծնողներից, որոնց երեխաները սեպտեմբերին 1-ին չվճարելու պատճառով չեն կարողացել մասնակցել դասապրոցեսին և Գիտելիքի օրը նրանց համար դարձել էր «Սեպտեմբերմեկյան կոշմար»:
Tert.am –ի հետ զրույցում նույնը կրկնեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը` ասելով.«Ինձ թվում է` էդպիսի բան չի էլ կարող լինել… հակառակը, ժամանակը փորձում ենք ձգել մինչև սեպտեմբերի 20–ի կողմերը»:
Երևանի պետական համալսարանի ու Մանկավարժականի լրատվական ծառություններից ևս նշեցին, որ առաջին կուրսեցիների վարձավճարների ժամկետների որևէ փոփոխություն չկա, նախկինի նման համալսարանում:










