Մխչյանի գյուղապետը բնական է համարում, որ երկրորդ անգամ անընդմեջ համայնքի միակ թեկնածուն է

11:36 • 02.09.16

Արարատի մարզի Մխչյան գյուղում համայնքապետի միակ թեկնածու, գործող համայնքապետ Խաչիկ Պողոսյանը ոչ մի արտասովոր բան չի տեսնում, որ երկրորդ անգամ անընդմեջ ինքն է համայնքի միակ թեկնածուն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գործող համայնքապետը:

Դիտարկմանը, թե ինչով է պայմանավորված, որ ինքը՝ Խաչիկ Պողոսյանը, մնում է միակ թեկնածուն, մինչդեռ այս ընտրությունների ընթացքում ինքնաբացարկ հայտնեց  անկուսակցական Ռոբերտ Նիկողոսյանը, նախորդ ընտրությունների ժամանակ՝ Մխչյանի երկար տարիների գյուղապետ Աշոտ Իսաջանյանը, գործող համայնքապետը պատասխանեց. «Ի՞նչ պատասխան եք ակնկալում. ինչո՞վ է պայմանավորված, նորմալ, բնական գործընթաց է, ոչ մի արտառոց բան չկա»:

Դիտարկմանը, թե համայնքում տարածված շշուկների համաձայն՝ գուցե միակ թեկնածու մնալը պայմանավորված է նրանով, որ ինքը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականն է, և ներքին գործողություններով է պայմանավորված, որ թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնում, Պողոսյանը պատասխանեց. «Շշուկներին հավատալ պետք չէ, ընդհանրապես, կյանքում, այդ թվում նաև անձնական կյանքում»:

Հարցին, թե ինչ է անելու համայնքի համար, քանի որ ակնհայտ է, որ ինքն է մնալու համայնքապետ, Պողոսյանը պատասխանեց. «Բազմաթիվ ծրագրեր կան, դա կարտացոլվի մեր առաջիկա քառամյա ծրագրերում, Աստծուց առաջ չընկնենք»:

Հարցին, թե նախորդ քառամյա ծրագրում ինչ խոստացել էր, արվե՞լ է, պատասխանեց. «Հիմնականում արվել է, իսկ չարված մասը պայմանավորված է եղել ֆինանսական հարցերով»: