ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի՝ ԼՂՀ նախագահին ուղղված շնորհավորական նամակը Արցախի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ

23:38 • 02.09.16

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը շնորհավորական նամակ է ուղղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` Արցախի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորական նամակը ներկայացնում ենք ստորև:

«Հարգելի նախագահ Սահակյան,

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անունից շնորհավորում ենք Ձեզ և Արցախի ժողովրդին անկախության 25 ամյակի առթիվ, որը տոնում եք սեպտեմբերի 2-ին: Այս պատմական օրը կարևոր պահ է Արցախի ինքնորոշման և ազատության իրավունքները պաշտպանելուն ուղղված պայքարում:

Քառորդ դար առաջ Ձեր ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց հանուն ազատության` հայտնելով ինքնիշխան և անկախ պետություն կառուցելու իր մտադրության մասին: Հաղթահարելով խորհրդային ճնշումն ու Ադրբեջանի ագրեսիան` Հանրապետության կազմավորումը 1991-ին ազատության, ժողովրդավարության և խաղաղության հիմնարար սկզբունքների ապացույցը դարձավ:

Չնայած տարիներ շարունակ տևող բռնությանը և սպառնալիքներին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է ապացուցել իր հավատարմությունն այդ համաշխարհային արժեքներին: Մենք ողջունում ենք Ձեր երկրում անցկացվող ազատ և արդար ընտրությունները և առաջադեմ ժողովրդավարական կառավարությանը հավատարիմ մնալու ձեր սկզբունքը:

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Արցախի տնտեսության և ժողովրդավարության զարգացմանը: Մենք նաև դատապարտում ենք Ադրբեջանին Արցախի ժողովրդի նկատմամբ ապրիլին ցուցաբերած ագրեսիայի համար, որը հանգեցրեց  հարյուրավոր զոհերի զինվորականների և քաղաքացիների շրջանում: Լիահույս ենք, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանաձևը կգտնվի:

Մենք կշարունակենք մեր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և կոչ անել Արցախի անկախության պաշտոնական ճանաչմանը»: