Ռիոյի իշխանությունները խնդրում են հանցավորության բարձր մակարդակի պատճառով զինվորականների մշտական ներկայության մասին

12:16 • 02.09.16

Ռիո դե Ժանեյրոյի իշխանությունները կդիմեն Բրազիլիայի կառավարությանը՝ խնդրելով քաղաքում մշտական հիմունքով թողնել զինվորականներին, որոնք ուղղվել էին այնտեղ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ժամանակ անվտանգության ապահովման համար:

 

Ինչպես հայտնել է համանուն նահանգի անվտանգության նախարար Ժոզե Մարիանու Բելտրամեն, դա կօգնի տեղի իշխանություններին հանցավորության դեմ պայքարի հարցում, գրում է ТАСС-ը:

 

«Իմ անձնական կարծիքն այն է, որ նրանք պետք է մնան: Ես կփորձեմ համապատասխան դիմում ներկայացնել: Ես կարծում եմ, որ դա իմ իրավունքն է և պարտավորությունը ոչ միայն որպես պետական ծառայող, այլև մարդ, ով տեսնում է մեր առջև կանգնած խնդիրները»,- հայտարարել է պաշտոնյան:

 

Պաշտոնական տվյալներով՝ զինվորականների հայտնվելուց հետո հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 24-ն ընկած հատվածում սպանությունների թիվը կրճատվել է 17,6 տոկոսով՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդհանուր առմամբ, Ռիո դե Ժանեյրոյում մրցումների ժամանակ անվտանգության ապահովման համար ներգրավվել է 67 հազար մարդ, որոնցից 47 հազարը՝ ոստիկան և փրկարար, իսկ մոտ 20 հազարը՝ զինծառայող: