Falcon 9 հրթիռակիրը պայթել է թռիչքից առաջ՝ կործանելով 200 մլն դոլարանոց արբանյակը (տեսանյութեր)

10:00 • 02.09.16

Ամերիկյան SpaceX ընկերության արտադրության Falcon 9 հրթիռակրի փորձարկումը շաբաթ օրը կայանալիք  թռիչքից առաջ ստացել է անհաջող ընթացք. SpaceX-ը կորցրել է ոչ միայն հրթիռը, այլև՝ 200 մլն դոլար արժողությամբ բեռը:

 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, հրթիռակիրը պայթել է նախքան մեկնարկը՝ Կանավերալ հրվանդանում գտնվող արձակման կայանում:

 

Ընկերության սեփականատեր Իլոն Մասկը, անդրադառնալով միջադեպին, մանրամասնել է, որ պայթյունը տեղի է ունեցել հրթիռի արագացուցչի թթվածնային բաքում՝ վառելիքի լիցքավորման ժամանակ: Մասկը նաև հավելել է, որ կատարվածի հետևանքով ոչնչացվել է տեղափոխման համար նախատեսված բեռը՝ Amos 6 արբանյակը:

 

Հայտնի է, որ հեռահաղորդակցային ազդակների փոխանցման համար նախատեսված և 200 մլն դոլար արժողությամբ արբանյակը պատկանում էր իսրայելական Spacecom ընկերությանը, որը թռիչքի պատվիրատուն էր:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Falcon 9 հրթիռակրի հաջորդ բեռնափոխադրման թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան պետք է կայանա նոյեմբերի 11-ին, սակայն պայթյունն այս թռիչքի հավանականությունը դրել է կասկածի տակ:

 

 

Falcon 9 հրթիռակիրը պայթել է թռիչքից առաջ՝ կործանելով 200 մլն դոլարանոց արբանյակը (տեսանյութեր)