Շտայնմայերն անձամբ աջակցում է Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձևին. Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ

15:40 • 02.09.16

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն անձամբ կողմ է Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, համաձայն որի հայերի կոտորածներն Օսմանյան կայսրությունում որակվում են որպես ցեղասպանություն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:

 

«Շտայնմայերն աջակցել, աջակցում ու աջակցելու է Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևին: Նա ինքը պատգամավոր է, այդ իսկ պատճառով փաստաթղթի ընդունումը նրան «նաև անձնապես» է վերաբերում»,- ասել է նա:

 

Հիշեցնենք, որ օրերս Շտայնմայերը խստորեն քննադատել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի` «Ինջիրլիք» ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցի համար առաջադրված պայմանները:

 

Բունդեսթագը հունիսի 2-ին կայացած քվեարկության ժամանակ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, ինչից հետո Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին:

 

Բանաձևում, որում օգտագործվում է «ցեղասպանություն» եզրույթը, նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում սկսված հայերի ու այլ քրիստոնյա փոքրամասնությունների տեղահանության ու կոտորածների զոհերի հիշատակի առաջ և սգում երիտթուրքերի իրականացրած և Օսմանյան կայսրության տարածքում հայերի գրեթե ամբողջությամբ բնաջնջման պատճառ դարձած քայլերի համար։


Ընդունված բանաձևում ընդգծվում է Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի դերակատարությունը Հայոց ցեղասպանության հարցում։


Գերմանիան այս բանաձևով հայերին ու թուրքերին կոչ է անում հաշտության հիմքեր ստեղծել անցյալի գերեզմանների վրա և նշում, որ իրենք պատրաստ են աջակցել դրան։