ԱՄՆ-ի իշխանությունները կքննարկեն Գյուլենի արտահանձնման խնդրագիրը

18:31 • 02.09.16

ԱՄՆ-ի իշխանությունները կքննարկեն Սպիտակ տան կայքում տեղադրված խնդրագիրը, որտեղ պահանջվում է արտահանձնել ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում Անկարայում մեղադրում են Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, գրում է РИА Новости-ն:

«Ես կցանկանայի, որ մեր կառավարությունը այլևս ապաստան չտրամադրեր Ֆեթուլլահ Գյուլենին և ցանկանում եմ, որ նրան ուղարկեն Թուրքիա»,- ասված է Սպիտակ տան կայքում տեղադրված խնդրագրի տեքստում: Խնդրագրի հեղինակն ընդգծում է, որ Թուրքիան «Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենահուսալի և հին դաշնակիցն է» և որ «ԱՄՆ-ն պետք է աշխատի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ»:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: