Հեմոֆիլիայով ծնվածները կստանան պրոֆիլակտիկ բուժում, որը թույլ կտա խուսափել սայլակին գամվելուց. Արյունաբանական կենտրոնի տնօրեն
Արյունաբանական կենտրոնի, Հեմոֆիլիայի միջազգային ֆեդերացիայի և հեմոֆիլիայի հայկական ասոցիացիայի համատեղ ջանքերով Երևանում այսօր մեկնարկեց «Հեմոֆիլիայի բուժօգնություն» խորագրով երկօրյա սեմինարը:
Հեմոֆիլիայի ոլորտի անվանի բժիշկները ներկայացրեցին ախտորոշման նորությունները, բուժման նոր մոտեցումները, հիվանդության դեմ պայքարի միջոցներն ու հիվանդությունների առանձնահատուկ դեպքերը:
ՀՀ գլխավոր արյունաբան, Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գիտաժողովը նվիրված է մակարդման համակարգի հիվանդություններին, որոնք հիմնականում ժառանգական հիվանդություններ են: Ըստ նրա՝ Հայաստանում կա հեմոֆիլիա ախտորոշում ունեցող 234 հիվանդ, 54-ը երեխաներ են: Տարեկան ախտորոշվում է հիվանդության 6-8 նոր դեպք:
Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ հիվանդությունը, թեև գտնվում է պետպատվերի շրջանակներում, բուժման ընթացքում էլ Առողջապահության նախարարության կողմից գնված և հումանիտար օգնությամբ ստացված մակարդման գործոններ են կիրառվում, սա, սակայն, բավարար չէ ժամանակակից մոտեցումներին համապատասխան բուժօգնություն իրականացնելու և բարդություններից խուսափելու համար: Ըստ նրա՝ դեղորայքը բավականին թանկ է, և եղածն էլ բավարար չէ:
Նշենք, որ մեկ հիվանդի հակահեմոֆիլային պատրաստուկի տարեկան պահանջարկի արժեքը կազմում է 12000 – 13000 դոլար:
«Այդ իսկ պատճառով մենք դիմում ենք շատ բարեգործական կազմակերպությունների և այսօր հյուրընկալել ենք Հեմոֆիլիայի համաշխարհային կազմակերպության բարեգործական ծրագրերի ղեկավարին։ Նա այստեղ է, այցելել է Արյունաբանական կենտրոն, հիվանդներին տեսակցել և խոստացել է, որ ՀՀ-ին բարեգործական խողովակներում ևս յուրաքանչյուր տարի 1 մլն միավոր ֆակտորներ կուղարկի հիվանդներին բուժելու համար»,- ասաց Դաղբաշյանը։
Սմբատ Դաղբաշյանը տեղեկացրեց, որ այսուհետ առաջնածին ախտորոշում ստացած հիվանդները կունենան պրոֆիլակտիկ բուժօգնություն: «Այսինքն՝ երբ նորածին երեխաների մոտ հայտնաբերվում է հեմոֆիլիա, մինչև հյուսվածքային բարդությունները, գիտենք, որ նրանք գամվում են սայլակներին, որովհետև հոդերում այնպիսի փոփոխություններ են առաջանում, որ այդ մարդկանց մոտ շարժվելը դառնում է անհնար։ Մինչդեռ պրոֆիլակտիկ բուժման դեպքում այս մարդիկ այլևս նման բարդություն չեն ունենա»,- ասաց նա:
Հեմոֆիլիայի համաշխարհային կազմակերպության բարեգործական ծրագրերի ղեկավարի Ասսադ Հաֆֆարը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք փորձում են զարգացող երկրներում կազմակերպել հեմոֆիլիայի բուժումը՝ փորձի փոխանակման և օգնության միջոցով: Նրա խոսքով՝ կոնկրետ ՀՀ-ին տալիս են 1 մլն կոնցենտրատ, որը համարժեք է 4 մլն դոլարի:
Հիմնական հաշվարկով՝ աշխարհում 10 000-ից 1-ն ունենում է հոմոֆիլիա, և եթե ՀՀ-ում 3 մլն բնակչություն կա, ապա ունենք շուրջ 300 հեմոֆիլիայով հիվանդ, մինչդեռ, տվյալ պահին, գրանցված է 234 հիվանդ, ուստի խնդիր ունենք գտնել մնացածին, որպեսզի բուժենք»,- ասաց նա:










