Չկա ծուխ առանց կրակի․գերմանացի պատմաբանը Spiegel–ի հրապարակման մասին
Գերմանացի հայտնի հայագետ և ցեղասպանագետ Տեսսա Հոֆմանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով Spiegel պարբերականի հրապարակման մասին, ըստ որի՝ Գերմանիայի կառավարությունն իրեն հեռու է պահելու Հայոց ցեղասպանությունը դատապարտող՝ Բունդեսթագի ընդունած բանաձևից, ասաց, որ առավոտյան են ծանոթացել տեղեկությանը, ըստ որի Ֆեդերալ կառավարության խոսնակը հայտարարելու է Ֆեդերատիվ Կառավարության՝ հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից ընդունած բանաձևից հեռու մնալու մասին։
«Այնուամենայնիվ, խոսնակն այս տեղեկատվությունը երկու ժամ հետո թուլամտություն համարեց: Բայց, այնուամենայնիվ, շեշտելը թե, բանաձևն օրինական ուժ չունի և պարտադիր օրենքի ուժ չի կարող ունենալ, ընկալվում է որպես Թուրքիայի հետ հաշտեցման շատ կաղ փորձ»,-ասաց նա:
Նշենք, որ Գերմանական Spiegel պարբերականն այսօր իր ինտերնատային տարբերակում նշել է, որ Գերմանիայի ղեկավարությունը, տեղիք տալով Էրդողանի ճնշումներին, կառավարության խոսնակ Ստեֆֆեն Սեյբերթի միջոցով պատրաստվում է հայտարարություն տարածել` ըստ որի Գերմանիայի կառավարությունն իրեն հեռու է պահում Բունդեսթագի` Ցեղասպանությունն ընդունած և դատապարտած որոշումից:
«Գերմանական ասացվածքն ասում է՝ չկա ծուխ առանց կրակի: Վերջին «ծխածածկույթը» կարող է նշանակել, որ կան հակասական կարծիքներ իշխող պահպանողական կուսակցության մեջ Գերմանիայի՝ Թուրքիայի հետ տարվող քաղաքականության վերաբերյալ: Ես ողջունում եմ, որ ժողովրդավարական և մարդու իրավունքների սկզբունքները ի վերջո հարգվեցին»,– ասաց Տեսսա Հոֆմանը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի ուշ Reuters գործակալությունը, վկայակոչելով տեղեկացված աղբյուրները, գրել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդին հայտնել էր, որ նա չի հրաժարվում Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձևին աջակցելուց, որը սրել է Թուրքիայի հետ հարաբերությունները:
Ավելի վաղ նաև հաղորդվել է, որ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն անձամբ կողմ է Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, համաձայն որի հայերի կոտորածներն Օսմանյան կայսրությունում որակվում են որպես ցեղասպանություն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:










