Մերկելը չի հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին աջակցելուց. Reuters

16:57 • 02.09.16

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդին հայտնել է, որ նա չի հրաժարվում Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձևին աջակցելուց, որը սրել է Թուրքիայի հետ հարաբերությունները: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով այդ հարցի շուրջ տեղեկացված աղբյուրների:

 

Խորհրդարանում քրիստոնեա-դեմոկրատների առաջնորդ Վոլկեր Կաուդերը կուսակցության անդամների հետ հանդիպմանը հայտնել է, որ խոսել է Մերկելի հետ, և վերջինս ընդգծել է իր դիրքորոշումը: Այդ մասին գործակալությանը հայտնել են հանդիպմանը մասնակցած աղբյուրները:

 

Կաուդերը հայտնել է, որ Մերկելը նաև նշել է, որ Բունդեսթագի քվեարկությունից առաջ բանաձևի աջակցության օգտին է քվեարկել կուսակցության ժողովի ժամանակ՝ չնայած այն հանգամանքին, որ նա ներկա չի եղել հունիսին անցկացված քվեարկությանը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն անձամբ կողմ է Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, համաձայն որի հայերի կոտորածներն Օսմանյան կայսրությունում որակվում են որպես ցեղասպանություն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:

 

«Շտայնմայերն աջակցել, աջակցում ու աջակցելու է Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևին: Նա ինքը պատգամավոր է, այդ իսկ պատճառով փաստաթղթի ընդունումը նրան «նաև անձնապես» է վերաբերում»,- ասել է նա:

 

Բունդեսթագը հունիսի 2-ին կայացած քվեարկության ժամանակ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, ինչից հետո Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին:

 

Բանաձևում, որում օգտագործվում է «ցեղասպանություն» եզրույթը, նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում սկսված հայերի ու այլ քրիստոնյա փոքրամասնությունների տեղահանության ու կոտորածների զոհերի հիշատակի առաջ և սգում երիտթուրքերի իրականացրած և Օսմանյան կայսրության տարածքում հայերի գրեթե ամբողջությամբ բնաջնջման պատճառ դարձած քայլերի համար։


Ընդունված բանաձևում ընդգծվում է Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի դերակատարությունը Հայոց ցեղասպանության հարցում։


Գերմանիան այս բանաձևով հայերին ու թուրքերին կոչ է անում հաշտության հիմքեր ստեղծել անցյալի գերեզմանների վրա և նշում, որ իրենք պատրաստ են աջակցել դրան։