Տյումենի շրջանում Հայաստանից դասալիքի են ձերբակալել. РИА Новости
Տոբոլսկում ձերբակալել են Հայաստանի զինված ուժերի դասալիք զինծառայողի: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Տյումենի շրջանային դատախազությունը, գրում է РИА Новости-ն:
Դատախազության տվյալներով՝ Հայաստանի քաղաքացի Վահե Հովհաննիսյանը ծառայել է հայկական բանակում 2009 թվականից: 2016 թվականի փետրվարին 28-ամյա Հովհաննիսյանը, ով վաշտի հրամանատար էր, արձակուրդ է գնացել և մեկնել երկրից: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ «դասալքություն» հոդվածով: Նրան հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել:
Օգոստոսի 29-ին Հովհաննիսյանը ձերբակալվել է Տոբոլսկի ոստիկանության աշխատակիցների կողմից: «Փաստաթղթերը ստուգելիս պարզվել է, որ նա հետախուզման մեջ է: Դատարանի որոշմամբ նա կալանքի տակ է առնվել»,- նշում է գերատեսչությունը:
Դատախազության տեղեկություններով՝ ստուգում է իրականացվել, նյութերն ուղարկվել են ՌԴ գլխավոր դատախազություն՝ պարզելու համար Հայաստան նրա արտահանձնման հարցը:










