Աշտարակի գործող քաղաքապետն ինքնաբացարկ է հայտնել. կա ևս մեկ ինքնաբացարկ հայտնած և մեկ չգրանցված առաջադրում

20:35 • 03.09.16

Աշտարակի գործող քաղաքապետ Արմեն Անտոնյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գործող քաղաքապետը:

«Ինքնաբացարկի դիմումը ես ներկայացրել եմ, գրված-դրված է, եթե ոչ այսօր, ապա երկուշաբթի իմ լիազորված անձը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»,-ասաց Արմեն Անտոնյանը՝ հրաժարվելով մեկնաբանել ինքնաբացարկի որոշումը:

Բացի այդ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև Արագածոտնի մարզի վիճակագրական վարչության վիճակագիր Սերգեյ Մովսիսյանը, իսկ ֆիզիկայի ուսուցիչ Հարություն Օհանյանի առաջադրումը ԿԸՀ-ն չի գրանցել:

Նշենք, որ Սեպտեմբերի 18-ին Աշտարակում կայանալիք ընտրություններին առաջադրվել էր 8 թեկնածու: Իշխող ՀՀԿ-ն Աշտարակում չէր պաշտպանել գործող քաղաքապետ Արմեն Անտոնյանի թեկնածությունը, ՏԻՄ ընտրություններում ինքնառաջադրվել է ՀՀԿ-ական, Աշտարակի նախկին քաղաքապետ Աշոտ Ղալաչյանը:

Աշտարակի քաղաքապետի պաշտոնի համար ընտրապայքարում են մնացել 6 թեկնածու՝ անհատ ձեռներեց Գևորգ Եդիգարյանը, նախկին քաղաքապետ Աշոտ Ղալաչյանը, «ԽԱՐԱՄԱԿ»-ի ֆինանսական գծով տնօրեն, ԲՀԿ-ի կողմից առաջադրված Արշալույս Մեջլումյանը, «ԱՎԳՈՌ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Թովմաս Շահվերդյանը և Ռազմիկ Տերտերյանը:

Ավելի վաղ, Tert.am-ի հետ զրույցում Արմեն Անտոնյանը հայտնել էր, որ ինքը կինքնառաջադրվի: 

Հիշեցնենք, որ Արմեն Անտոնյանը Աշտարակի քաղաքապետ էր ընտրվել 2012 թվականի սեպտեմբերի 24-ին, իսկ մինչ այդ աշխատում էր «Մետէքսիմ» ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն: