Բրազիլական ոստիկանությունը ձերբակալել է Նեյմարի նմանակին՝ աղջիկներին շանտաժի ենթարկելու համար

17:26 • 03.09.16

Բրազիլական ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով չափազանց նման է «Բարսելոնայի»  հարձակվող Նեյմարին և ֆուտբոլիսի հետ իր նմանությունն օգտագործելով շանտաժի է ենթարկել աղջիկներին, գրում է Mirror-ը:


30-ամյա Կառլոս Անտոնիո Ռոդրիգեսը աղջիկներից պահանջել է ինտիմ բնույթի լուսանկարներ և տեսանյութեր, ինչի դիմաց նրանց խոստացել է էլիտար ամսագրերի ֆոտոշարքեր, մասնակցություններ հեռուստատեսային հաղորդումների, ծանոթություններ շոու-բիզնեսի ոլորտի հայտնի դեմքերի հետ:


Նրա զոհերից մեկը դիմել է ոստիկանություն, ինչից հետո իրավապահներն սկսել են հետևել հանցագործին և հայտնաբերել են նրան բրազիլական Մինաս-Ժեռայս նահանգում՝ ինտերնետ սրճարաններից մեկում, որտեղից էլ նա շփվել է իր զոհերի հետ: 


Ռոդրիգեսից բացի ձերբակալվել էր նաև տվյալ հաստատության տերը, սակայն ավելի ուշ նա բաց է թողնվել, քանի որ ապացուցվել է, որ վերջինս առնչություն չունի անօրինական այդ գործողություններին: 


Նեյմարը «Բարսելոնայի» կազմում է խաղում 2013թ.-ից: Անցյալ խաղաշրջանի ընթացքում նա Բարսելոնայի կազմում անցկացրել է 48 հանդիպում և խփել 34 գոլ: