Էս պահի դրությամբ մենք ոչ մեկի ստեղծածը չենք, ոչ մեկին չենք պաշտպանում. Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Գործարար» -ի նախագահ  

13:22 • 04.09.16

 

Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցող 11   կուսակցություններից «Գործարար» կուսակցության  նախագահ Գեղամ Բաղդասարյանը, իր իսկ որակմամբ, սենսացիոն հայտարարություն է անում և ասում, որ պատրաստվում են բիզնեսը բերել քաղաքականություն:

Ըստ քաղաքական ուժի ղեկավարի` իրենք ո՛չ ընդդիմադիր են, ո՛չ իշխանամետ. կամուրջ են ուզում լինել իշխանության և ընդդիմության միջև: Գեղամ Հարությունյանը նաև հերքում է, որ ինչ-որ կապեր ունեն «Բալասանյան դաշինքնի» հետ` ասելով. « Մեզ ոչ մեկ չի ստեղծել, ոչ մեկի հովանավորությունը չունենք: Մենք անհատ, մենք` մեզանով ենք»:

-Ինչո՞ւ հանկարծ  որոշեցիք մտնել քաղաքական դաշտ, բավականին երիտասարդ եք, որ՞ն է խնդիրը, ուզում եք Գյումրիում Ձեր ուժե՞րը փորձել:

- Մենք արդեն մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել ենք, էս մի քանի ամսվա մեջ ենք որոշել ստեղծել… Մենք ավելի  շատ տնտեսական ուղղվածություն ունենք, երիտասարդներով ենք, մենք սերնդափոխություն ենք ուզում իշխանությունից, ընդդիմադիր չենք, իշխանամետ  էլ չենք: Մեզ ոչ մեկ չի ստեղծել, ոչ մեկի հովանավորությունը չունենք, կլինի կուսակցություն, կլինեն անհատներ,  ոչ մեկի հետ ոչ մի կապ չունենք: Մենք անհատ, մենք` մեզանով ենք: Էս պահի դրությամբ մենք ոչ մեկին չենք պաշտպանում, մենք ոչ մեկին էլ դեմ չենք: Արդեն մի քանի անգամ պաշտոնապես ասել ենք, որ քաղաքական կուսակցությունը, անձը, քաղաքի պետության համար ինչ-որ լավ բան է անում, մենք իրենց շնորհակալություն ենք ասում:

- Օրինակ` Սամվել բալասանյանին շնորհակալություն ասո՞ւմ եք:

-Հիմա մենք տեղյակ չենք, մինչև էս պահը եթե մենք շնորհակալ լինեինք, մենք չէինք որոշի մասնակցել. կգնայինք, կպաշտպանեինք Սամվել Բալասանյանին: Մենք թերություններ, բացթողումներ ենք տեսել, ուզում ենք գանք, ուղղենք: Մենք ունենք մեր ծրագիրը, մեր գաղափարները: Իսկ եթե հանկարծ իրենք առաջարկեն, կլինի Սամվել Բալասանյանը, կլինի ամենաընդդիմադիրը` ԳԱԼԱ-ն, մեզ համար կարևոր չի, մենք ոչ մեկին մեզ թշնամի չենք համարում, ոչ մեկին դեմ չենք, մենք ժողովրդի կողմնակիցն ենք, մենք ուզում ենք ժողովրդի համար բարեփոխումներ անել։ Եթե կլինեն քաղաքական ուժեր, որ ժողովրդի շահը կպաշտպանեն, եթե մենք իրենցից առաջ չհայտնվենք, իրենցից հետ հայտնվենք, կպաշտպանենք իրենց. կլինի ԳԱԼԱ-ն, կլինեն մյուս ընդդիմադիրները, կլինեն իշխանամետ կուսակցություններ, էդ պարզ կդառնա էն ժամանակ, երբ հասկանանք, թե ով է ավելի լավ գաղափար, լավ ծրագիր առաջարկում։ Մենք էդ ժամանակ կորոշենք, թե որ ծրագիրն է ավելի իրատեսական: Մենք փորձում ենք կամուրջ դառնալ, փորձում ենք համոզել բոլորին, միացնել իրար:

- Կարծում եք` կամրջի կարիք կա՞:

- Իհարկե, կա. ժողովուրդն էսօր դժգոհում է, ընդդիմությունն ասում է` մենք ունենք էս լուծումները, իշխանությունը տվեք մեզ։ Մենք հասկանում ենք, որ հնարավոր չէ, որ ընդդիմությունը միանգամից իշխանությունը վերցնի իրեն, հնարավոր էլ չէ իշխանությանը թողնել էս վիճակում։ Մենք փորձում ենք երկուսին համոզել, բերել ընդհանուր հայտարարի, վերջապես գրագետ լուծում առաջարկել: Վերջապես մենք 25 տարվա պետություն ենք, 25 տարի էս կռիվը տալիս ենք, ինչքա՞ն կարելի է, բերեք գրագետ մտածենք: Մենք էս գաղափարախոսությամբ ենք գալիս:  Հիմա, էս պահի դրությամբ, մենք ոչ մեկի ստեղծածը չենք, ոչ մեկին չենք պաշտպանում:

 -Այդ դեպքում, ո՞րն է պատճառը, որ կուսակցության անունը կապվում է իշխանական թեկնածու Սամվել Բալասանյանի հետ:

- Դե, ես չեմ կարող ասել` որն է, ամեն մարդ իր կարծիքն, իր մտածելակերպն ունի: Դուք Բալասանյանի համար եք ասում էսօր, բայց մի քանի օր առաջ լրիվ ուրիշ մարդկանց մասին էին խոսում, դրանից մի քանի օր առաջ` լրիվ ուրիշ կուսակցության: Կարող է՝ մի քանի օր հետո մեր մասին լրիվ ուրիշ խոսակցություններ լինեն: Սա քաղաքականություն է, դուք չգիտե՞ք, մենք էլ գիտե՞նք. մենք էլ էդ ամենը գիտակցում ենք, շատ խորը չենք տանում։

-Հաջողության Ձեր գրավականը ո՞րն է, և քանի՞ տեղ եք ակնկալում ունենալ ավագանիում:

- Մեծ-մեծ խոսալ չլինի, մենք շատ բարձր տոկոսների ենք սպասում:

- Ինչո՞ւ, Ձեզ Գյումրիում ճանաչո՞ւմ են, որտեղի՞ց նման ինքնավստահություն:

- Էնպես չէ, որ մենք Գյումրիում շատ մեծ հեղինակություն ունենք, հիմնականում երիտասարդներով ենք, մեր մեջ կան տնտեսագետներ, գործարարներ, արվեստագետներ, բժիշկներ, ամեն ոլորտից: Մենք ունենք կուսակցական ընկերներ, համակիրներ, կոչ ենք արել մի քանի անգամ,նորից ենք անում՝ եկե՛ք, միացե՛ք։

-Ինչո՞ւ եք մտածում, որ գյումրեցիները Ձեզ պետք է ընտրեն:

- Դե, արդեն տեսնում ենք, որ բավականին մեծ խումբ կա երիտասարդների, որ մեզ կողմնակից է, մեր ծրագրերն իրենց համապատասխան են: Քարոզարշավը դեռ չի սկսվել, սկսվի` կնայենք: Ի դեպ՝ մենք մասնակցելու ենք նաև Ազգային ժողովի ընտրություններին: Այնպես որ, մեր լուծումները միայն Գյումրիի համար չեն, մեր լուծումները ամբողջ Հայաստանի տնտեսության համար են:

- Իսկ ի՞նչ եք առաջարկելու, որ մինչ այժմ չի առաջարկվել հենց տնտեսական ոլորտում:

-Ունենք, մենք թեզեր ունենք, գրագետ լուծումներ ունենք, մենք կառաջարկենք:

- Եթե տեղյակ եք` մեր Սահմանադրությունը քաղաքականության և բիզնեսի տարանջատում է պահանջում: Հիմա Դուք փորձում եք բիզնեսը բերել քաղաքականություն, հակասություն չե՞ք տեսնում:

- Հա, մենք փորձում ենք բերել և փորձում ենք էդ բանաձևի լուծումը տալ, բացատրել, որ էդ հնարավոր է: Ու մենք էդ ձևով ենք պատկերացնում, ու փորձելու ենք էդ սենսացիոն առաջարկությունն անել. որ հնարավոր է, որ գործարարը կապ ունենա քաղաքականության հետ:

- Չեք կարծո՞ւմ, որ դա հակասահմանադրական է:

- Դե, հիմա մենք փորձում ենք էդ առաջարկներն անել: Մենք ասել ենք` մեզ լծակներ են պետք տնտեսությունը լավացնելու համար, էդ լծակները ստանալու համար գանք իշխանության, որ  ինչ-որ փոփոխություններ անենք:

- Ո՞ւմ հետ եք համագործակցում:

- Ոչ մեկի։ Մենք հայտարարություն ենք արել` եթե գաղափարակից ուժեր կան, գան միանան մեզ: Առաջարկներ շատ են եղել` դաշինքներով միանալու, բան, բայց իրենց ուղղությամբ գնալու: Համարյա թե բոլոր կողմերից առաջարկություններ ունեցել ենք, բայց մենք որոշել ենք մեր ուղղությունը:

- Իսկ Գյումրո՞ւ համար ինչ եք առաջարկում:

- Գյումրու համար էլ Գյումրու մասշտաբով ենք առաջարկում. Գյումրին պետք է ունենա իր փոքրիկ իշխանությանը։ Գյումրիի իշխանությանն էլ ենք առաջարկել, որ եթե ունենանք էս լուծումները, ինչ-որ չափով Գյումրու տնտեսությունը, Գյումրու բարեկեցիկ կյանքը կլավացնենք: Մենք չենք ասում, թե կախարդական փայտիկներ ունենք, միանգամից պետք է մեծ բիզնեսներ զարգացնենք, մենք խոսում ենք փոքր ու միջին բիզնեսը ներկայացնելու, շահերը պաշտպանելու մասին: Երկրի ՀՆԱ-ն ավելացնենք, աշխատատեղեր ստեղծենք, որպեսզի մեր երկրի ժողովուրդը չարտագաղթի: