Գերմանիայի տեղական ընտրություններում Մերկելի կուսակցությունը երրորդ տեղում է հայտնվել

23:52 • 04.09.16

Գերմանիայում կիրակի կայացած տեղական ընտրություններում, ըստ ընտրատեղամասերից դուրս եկողների հարցման արդյունքների, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը առաջ է անցել Անգելա Մերկելի կուսակցությունից:

Ինչպես հայտնում է BBC-ն` Մելկենբուրգ-Առաջավոր Պոմերանիա դաշնային հողում տեղի ունեցած ընտրություններում կանցլերի ղեկավարած քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը զբաղեցրել է երրորդ տեղը:

Երեք տարի առաջ ստեղծված «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստացել է ընտրողների 21 տոկոսը` հայտնվելով երկրորդ տեղում տեղի խոշորագույն ձախակենտրոն Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից հետո, որն ստացել էր ձայների 30.5 տոկոսը: Մերկելի կուսակցությունը 19 տոկոս ձայն է հավաքել:

Վերլուծաբանները տեղական օրենսդիր մարմնի այս ընտրությունները գնահատում են որպես վճռորոշ ստուգում` 2017-ի համընդհանուր ընտրությունների անցկացմանն ընդառաջ: