Օբաման մեկնաբանել է Չինաստանում ամերիկացի լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը
Չինաստանի Հանչժոու քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի նշանակությունը պետք չէ գերագնահատել: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է The Daily Mail-ը:
«Ես չէի գերագնահատի այդ միջադեպի նշանակությունը»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահը նշել է, որ Սպիտակ տունը ներողություն չի խնդրելու լրագրողների համար, ովքեր փորձել են մոտենալ իր ինքնաթիռին, քանի որ ԱՄՆ-ն չի հրաժարվում իր իդեալներից և արժեքներից՝ այլ երկրներ այցելությունների ժամանակ: Բայց նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ միջադեպը չի խոսում Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում խնդիրների մասին:
Հիշեցնենք, որ չինական կողմը նախ չի տրամադրել կարմիր գորգով շարժասանդուղք Օբամայի ինքնաթիռին, ինչի հետևանքով նա ստիպված է եղել օգտվել ինքնաթիռի վերջում գտնվող պահեստային սանդուղքներից: Այնուհետև անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ամերիկացի լրագրողներին մոտենալ նախագահին:
Դիմավորող կողմի ներկայացուցիչները հայտարարել են, որ կանոնները պայմանավորված են նրանով, որ դա իրենց երկիրն է և իրենց օդանավակայանը:










