Պուտինն ու Օբաման պայմանավորվել են հանդիպել երկուշաբթի
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման պայմանավորվել են հանդիպել երկուշաբթի: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Երկրների առաջնորդները պայմանավորվել են հանդիպում անցկացնել վաղը», - հայտնել է Պեսկովը: Նա հավելել է, որ դեռ որոշված չէ` արդյոք հանդիպումը լայնամասշտաբ կլինի, թե ոչ: Նրա խոսքով` նախագահները կարող են հանդիպել ինչպես գագաթնաժողովի շրջանակներում, այնպես էլ կարող են լիամասշտաբ հանդիպում ունենալ:
Աղբյուրի պնդմամբ՝ դա կախված կլինի նախագահների աշխատանքային գրաֆիկից:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Օբաման ինքն է մոտեցել Պուտինին և առաջարկել հանդիպում անցկացնել գագաթնաժողով շրջանակներում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Չինաստանի Հանչժոու քաղաքում մեկնարկել է G20-ի երկրների գագաթնաժողովը, որի հիմնական թեման «Նորարար, առողջ, փոխկապակցված և էքսկլյուզիվ համաշխարհային տնտեսության կառուցումն» է:










