Լավ ու վատ ահաբեկիչ չի լինում, ահաբեկիչն ահաբեկիչ է. Էրդողանը՝ Չինաստանում Օբամայի հետ հանդիպմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել են Չինաստանում անցկացվող G20 գագաթնաժողովի շրջանակում, գրում է թուրքական t24.com.tr կայքը:
Նշվում է, որ նախագահները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակն ու հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը:
«Հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո առաջին անգամ ենք հանդիպում: Շնորհակալ եմ Ձեր աջակցության համար: Մեր տարածքներում սկսված ահաբեկչական գործողություններն ու հեղաշրջման փորձի՝ նույն ժամանակահատվածում իրականանալն էլ պատահականություն չեն: Արդեն պարզ է, թե ինչպես պետք է վերաբերվենք այս ամենին: Լավ ու վատ ահաբեկիչ չի լինում, ահաբեկիչն ահաբեկիչ է: Մենք թույլ չենք տալու, որ մեր երկրի հարավում թափ հավաքեն նոր ահաբեկչական ուժեր», - ասել է Էրդողանը:
Օբաման, իր հերթին, աջակցություն է հայտնել Թուրքիային հեղաշրջման փորձից հետո իրականացվող անվտանգության հատուկ գործողությունների հարցում, սակայն խուսափել է հստակ ձևակերպումներ անել հեղաշրջման փորձի համար մեղադրվող և ԱՄՆ քաղաքացի հանդիսացող թուրք կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասին:
«Պարոն Էրդողանի հետ հեռախոսով զրուցել ենք հեղաշրջման փորձի գիշերը: Նրան ասել եմ, որ հնարավոր ամեն հարցում պատրաստ ենք աջակցել Թուրքիային: Արվածը դատապարտելի է», - նշել է Օբաման:
Նախագահները նաև քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակն ու թուրքական ԶՈՒ-ի կողմից Ջերաբլուսում շարունակվող գործողությունները:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:










