Սրանք ամենաթույլ կազմակերպված օլիմպիական խաղերն էին. ՀԱՕԿ գլխավոր քարտուղար

12:59 • 05.09.16

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփեց XXXI ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականի մասնակցության արդյունքները և հիշեցրեց, որ մեր հավաքականը վերադարձել է մեկ ոսկե և երեք արծաթե մեդալով:

Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, արդյունքներից գոհ են, սակայն կարող էին նաև ավելին անել:

«Եղան բացթողումներ, որոնք մեր վերահսկողությունից դուրս էին: Սրանք ամենաթույլ կազմակերպված օլիմպիական խաղերն էին։ Պարադոքսն այն է, որ ոչ այնքան լիարժեք կազմակերպված խաղերը միաժամանակ մեծ հետաքրքրություն էին առաջացրել։ Մեր տեղեկություններով՝  մեկ ու կես միլիոն տուրիստ էր եկել Բրազիլիա»,- ասաց նա՝ նկատելով, որ նույնիսկ լրագրողների համար պայմաններ չեն եղել աշխատելու համար, անվտանգության առումով էլ խնդիրներ են եղել, բազմաթիվ գողություններ։

Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ բացթողումներ են եղել ազատ ոճի հավաքականի կազմում.

«Նրանց հետ մեծ հույսեր էինք կապում, որոնք չարդարացան։ Դրանք պայմանավորված էին օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, որոնց վերաբերյալ քննարկումներ կլինեն»,- ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ Ծանրամարտի ֆեդերացիայի գրանցած արդյունքներից գոհ են։

«Այն համարվում է ամենամեծ պոտենցիալ ունեցող հավաքականը և մոտ տարիներին առաջին հնգյակի մեջ կլինի։ Եթե խնդիրներ չլինեն՝ ամենամարտունակ հավաքականներից մեկը կդառնա»,-ասաց Հրաչյա Ռոստոմյանը։