ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը կզբաղվի Ստեփան Գրիգորյանի մուտքը Ռուսաստան արգելելու գործով
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը կզբաղվի Հայաստանի քաղաքացի, վերլուծաբան, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանին երկրից արտաքսելու դեպքով․Tert.am-ի հետ զրույցում այդ մասին հայտնեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից:
Դեսպանատնից մանրամասնեցին, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը դեպքի հետ կապված աշխատում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ։ Հայաստանի ԱԳՆ-ն արդեն պարզաբանման համար դիմել է ռուսաստանյան իրենց գործընկերներին, պատասխան ստանալուց հետո արդեն դեսպանատունը կզբաղվի հարցով:
Հետագա զարգացումների մասին կտեղեկացնեն մամուլին:
Հիշեցնենք, որ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին օգոստոսի 30-ին արգելվել է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։
Երբ նա օգոստոսի 30-ի առավոտյան 08։00-ին ժամանել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան, 2014-ին հողին հանձնված հոր՝ Գևորգ Գրիգորյանի գերեզմանին այցելելու համար, ռուս սահմանապահները նրան տեղեկացրել են, որ նրա մուտքը ՌԴ արգելված է մինչև 2030թ:










