ԼՂՀ ժողովուրդն արդեն ընտրել է ազատ և ինքիշխան պետության իր մոդելը. Ուրուգվայում անցկացված համաժողովում հռչակագիր է ընդունվել
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված համաժողով է կայացել, որին մասնակցություն ցուցաբերած ակադեմիկոսները, օրենսդիրները և սոցիալական ակտիվիստները հռչակագիր են ընդունել, որով հաստատում են իրենց դիրքորոշումը ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման խաղաղ եղանակ գտնելու հարցում:
Ինչպես տեղեկացնում է Prensa Armenia գործակալությունը` համաժողովին մասնակցել են սենատորներ Ռուբեն Մարտինեսը և Ռաֆայել Միքելինի Ուելմոն, պատգամավորներ Պաբլո Աբդալան, Սուսանա Պերեյրան, Դանիել Ռադիոն, ինչպես նաև իրավաբան Օսկար Լոպես Գոլդարասենան, պատմաբան Գերարդո Կաետանոն և նախկին փոխարտգործնախարար Բելելա Էրերան:
Ընդունված հռչակագրով համաժողովի մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, հաստատում են իրենց աջակցությունը «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը` պաշտպանելով ԼՂՀ բնակչության` իրենց նախնիների հողում ազատ և ինքնիշխան պետություն հիմնելու իրավունքը` առանց սպառնալիքների և բռնության»:
«Մենք ցանկանում ենք, որ բոլորն իմանան, որ Ուրուգվայում, որը հազարավոր կիլոմետրեր հեռու է Լեռնային Ղարաբաղից, կան մարդիկ, ովքեր անտարբեր չեն այս հարցում»,- ասել է ուրուգվայցի պատգամավոր Դանիել Ռադիոն:
Իրավապաշտպան Օսկար Լոպես Գոլդարասենան ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն ինքնորոշվել է և ընտրել ազատ ու ինքնիշխան պետության իր մոդելը: Իսկ Ուրուգվայի նախկին փոխարտգործնախարար Բելելա Էրերան հույս է հայտնել, որ իրենց նախաձեռնությունը օրինակ կդառնա ողջ աշխարհի համար:










