Բրիտանիայի «Գեթվիկ» օդանավակայանի աշխատանքը խափանվել է
Մեծ Բրիտանիայի «Գեթվիկ» օդանավակայանի աշխատանքը կիրակի երեկոյան խափանվել է՝ հիմնական թռիչքուղու վնասվելու պատճառով, գրում է The Daily Mail-ը:
Թռիչքուղու մակերեսի վրա փոսը հայտնաբերվել է օդանավակայանի տեխնիկական վիճակի ստուգման ժամանակ:
Միջադեպի պատճառով 8 չվերթ ուղղվել է այլ օդանավակայաններ, ևս մի քանի չվերթ տեղափոխվել է ուշ ժամի: Այդ պատճառով տուժել են օդանավակայանի հարյուրավոր ուղևորներ:
«Մենք ցանկանում ենք ներողություն խնդրել բոլոր ուղևորներից, ում վրա անդրադարձել է խնդիրը, սակայն մեր ուղևորների անվտանգությունն առաջնահերթություն է»,- ասված է օդանավակայանի հրապարակած հաղորդագրությունում:
Ուղևորների խոսքերով՝ թռիչքուղին փակ է եղել մոտ կես ժամով, սակայն դա հանգեցրել է մի շարք չվերթների ուշացման:










