Սի Ձինփինը դեմ է հանդես եկել Հրվ. Կորեայում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղակայմանը

11:00 • 05.09.16

Չինաստանը դեմ է Հարավային Կորեայի տարածքում ամերիկյան THAAD հակահրթիռային համակարգերի տեղակայմանը: Այս մասին Չինաստանի ղեկավար Սի Ձինփինն ասել է G20-ի գագաթաժողովի շրջանակում Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեի հետ հանդիպման ժամանակ:

 

«Հարցի սխալ կարգավորումը չի նպաստի տարածաշրջանում ռազմավարական անվտանգության ապահովմանն ու կարող է բարդացնել առկա կոնֆլիկտները»,- մեջբերում է lenta.ru-ն չինացի ղեկավարի խոսքերը:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ ընթացիկ տարվա հուլիսին Սեուլն ու Վաշինգտոնը համաձայնեցրել են Հրվ. Կորեայի տարածքում ամերիկյան  հակահրթիռային համակարգերի տեղակայման ժամկետները: Ըստ այդմ՝ THAAD  համակարգերն արդեն 2017թ. կտեղակայվեն Սոնջու շրջանում:


Մինչդեռ Հյուսիսային Կորեան սպառնացել է ի պատասխան THAAD-ի տեղակայմանը ձեռնարկել «ամենակտրուկ ֆիզիկական հակահարվածները»:

 

Ինչ վերաբերում է Պեկինին, ապա այնտեղ անհանգստանում են, որ գործողության միջին շառավիղ ունեցող հրթիռներ որսալու համար նախատեսված համակարգերը նախատեսված են ոչ թե Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքը չեզոքացնելու համար, այլ ուղղված են Չինաստանի դեմ: