Ղազախստանում ձերբակալված ծայրահեղականները Սեպտեմբերի 11-ի նման ահաբեկչական ակտ էին պլանավորել
Ղազախստանի Ալմաթիի շրջանում ձերբակալված ծայրահեղականներն ահաբեկչական ակտ իրականացնելու նպատակով պլանավորել էին ինքնաթիռ առևանգել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեին:
«Ծայրահեղականներն ավելի մեծ հնչեղություն ստանալու նպատակով դիտարկել են ահաբեկչական ակտերը մարդաշատ վայրերում իրականացնելու տարբերակները: Դրանից բացի, 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած հարձակման նման ռեզոնանսային ահաբեկչական ակտ իրականացնելու համար նրանք Թալդըկորգան քաղաքի օդանավակայանի հետախուզություն են անցկացրել և ուսումնասիրել մարդատար կամ ռազմական ինքնաթիռ առևանգելու հնարավորությունը»,- հաղորդել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ահաբեկիչները կապվել են «Ալ-Քաիդա» կազմակերպության հետ, այնուհետև բաժանվել 4 խմբերի և առևանգել 4 մարդատար ինքնաթիռ, որոնցով հարձակումներ են իրականացրել։ Դրանց հետևանքով մահացել է ավելի քան 2977 մարդ։










