ԱՄՆ ռազմական հետախուզությունը ներողություն է խնդրել Հանչժոուի օդանավակայանում Օբամային ընդունելու մասին «թվիթի» համար

10:04 • 05.09.16

ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունը ներողություն է խնդրել Չինաստանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընդունելությանը վերաբերող Twitter-յան գրառման համար, գրում է lenta.ru-ն:

 

«Ավելի վաղ այս էջից սխալմամբ «թվիթ» է հրապարակվել: Այն չի արտահայտում ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության տեսակետը: Մենք ներողություն ենք հայտնում»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

 

Սեպտեմբերի 3-ին գերատեսչության միկրոբլոգում գրառում է հայտնվել, որը մեկնաբանում է The New York Times-ի հրապարակումը չինական Հանչժոու քաղաքի օդանավակայանում Օբամայի սառը ընդունելության մասին: «Ինչպես միշտ բարձր մակարդակ, Չինաստան»,- գրված է եղել հաղորդագրությունում: Այնուհետև «թվիթը» հեռացվել է:

 

Հիշեցնենք, որ չինական կողմը նախ չի տրամադրել կարմիր գորգով շարժասանդուղք Օբամայի ինքնաթիռին, ինչի հետևանքով նա ստիպված է եղել օգտվել ինքնաթիռի պահեստային սանդուղքներից: Այնուհետև անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ամերիկացի լրագրողներին մոտենալ նախագահին: 


Դիմավորող կողմի ներկայացուցիչները հայտարարել են, որ կանոնները պայմանավորված են նրանով, որ դա իրենց երկիրն է և իրենց օդանավակայանը: