ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը և ՄԻԵԴ նախագահը քննարկել են ՀՀ դեմ դիմումների ընթացիկ վիճակագրությունը

20:06 • 05.09.16

Սեպտեմբերի 2-ին Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։

Կարևորելով ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության համակարգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանցքային նշանակությունը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԻԵԴ դերակատարությունը և մշտապես աջակցել է դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը։ ՀՀ դեսպանը հավելել է, որ Հայաստանը վերջերս վավերացրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող 15-րդ արձանագրությունը, որով բարեփոխվում են ՄԻԵԴ աշխատանքները։

Դատարանի նախագահը, շնորհավորելով Հայաստանի մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ, համառոտ ներկայացրել է դատարանում ընթացող բարեփոխումները և առկա մարտահրավերները։ Զրուցակիցները համակարծիք էին, որ ՄԻԵԴ աշխատանքների բարելավելու գործում էական դերակատարություն ունեցան նաև կոնվենցիայի մասնակից երկրները։ Կարևորվել է ներպետական մակարդակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրառումը և բարձրագույն դատական ատյանների միջև արդյունավետ երկխոսության անցկացումը։ 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի դեմ ներկայացված դիմումների ընթացիկ վիճակագրության և հիմնական միտումներին։