Պուտինը կայցելի Ուզբեկստանի նախագահի գերեզմանին

20:30 • 05.09.16

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է այցելել Ուզբեկստան`Իսլամ Քարիմովի «հիշատակին խոնարհվելու» համար, այս մասին նա հայտարարել է G20 գագաթաժովի արդյունքները հայտարարելուց հետո:

Նրա խոսքով, Քարիմովը շատ բան է արել Ուզբեկստանի կայացման համար, որպես անկախ պետություն: Պուտինը նշել է, որ նախագահի մահը մեծ կորուստ է երկրի համար: Ռուս առաջնորդը պատմել է, որ Քարիմովի հետ իրենք շատ լավ հարաբերություններ ունեին:

«Նա շատ բարյացակամ էր անձամբ իմ հանդեպ, մենք շատ բարի հարաբերություններ ունեինք: Նա տարիքով ավելի մեծ էր, իմ հետ միշտ անունով էր խոսում և «դու»-ով էր դիմում»,- ասել է Պուտինը:

Նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով, Պուտինի այցը Սամարկանդ, որտեղ հուղարկավորվել է Քարիմովը, կլինի մասնավոր, փոխանցում է rosbalt.ru-ն:

Ուզբեկստանի առաջին նախագահ Քարիմովը հուղարկավորվել է իր հայրենի Սամարկանդ քաղաքում սեպտեմբեր 3-ին: